Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը չի պատրաստվում անմիջապես աշխատանքի վերադառնալ ինտենսիվ թերապիայի բաժանմունքից տեղափոխվելուց հետո, հայտնում է Independent-ը՝ վկայակոչելով Դաունինգ սթրիթի հայտարարությունը:

Վարչապետի մամուլի քարտուղարը լրագրողներին հայտնել է, որ Ջոնսոնը նոր է սկսում ապաքինվել եւ գործունեությունը կվերսկսի միայն իր բժիշկների հանձնարարությամբ:

Բրիտանիայի վարչապետի մամուլի ծառայությունից նաեւ հայտնել են, որ թագավորության առաջին պետքարտուղար Դոմինիկ Ռաաբը շարունակում է վարչապետին փոխարինել:

Ընդ որում՝ վարչապետի մամուլի քարտուղարը իր պարտականություններին Ջոնսոնի վերադարձի կոնկրետ ժամկետներ չի նշել:

Մամուլի քարտուղարը հայտնել է, որ ինքը տեղեկացված չէ վարչապետի եւ Դաունինգ սթրիթի նրա թիմի միջեւ որեւէ ուղիղ շփման մասին եւ հրաժարվել է հայտնել՝ Ջոնսոնն արդյոք աշխատանքի կվերադառնա ապրիլի 16-ին, երբ նախապես ընդունվել էր խիստ մեկուսացման ռեժիմը մեղմելու որոշում:

Կիրակի 55-ամյա Ջոնսոնը հոսպիտալացվել էր Covid-19-ի «կայուն ախտանիշներով», իսկ երկուշաբթի, երբ նրա վիճակը վատթարացել էր, նրան տեղափոխել էին վերակենդանացման բաժանմունք:

Ապրիլի 9-ին նա Սենթ Թոմասի հիվանդանոցի վերակենդանացման եւ ինտենսիվ թերապիայի բաժանմունքից տեղափոխվել էր ընդհանուր բաժանմունք: