Աշխարհի մի շարք երկրներում կորոնավիրուսի տարածման սարսափելի հետեւանքները ցույց են տվել, որ ոչ մեկը պատրաստ չէր ինֆեկցիայի այդքան սրընթաց տարածմանը: Այս մասին ապրիլի 13-ին ԱԺ նիստում արտակարգ դրության ռեժիմը երկարացնելու մասին Կառավարության որոշումը ներկայացնելիս ասաց փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը:

Նրա խոսքով՝ այսօր պետությունների առաջ 2 կարեւորագույն խնդիր է ծառացած՝ ճգնաժամն արդյունավետ կառավարել եւ նախապատրաստվել կորոնավիրուսից հետո ապրելուն:

«Վիրուսի դեմ պայքարում չկա միասնական եւ արդյունավետ ռազմավարություն, իսկ պատվաստանյութը, հավանաբար, կստեղծվի մի քանի ամսից: Հիմա երկրները կանգնած են ընտրության առաջ՝ կա՛մ փորձել խուսափել բազմաթիվ զոհերից եւ դանդաղեցնել վիրուսի տարածումը, որպեսզի առողջապահության համակարգն ի վիճակի լինի հիվանդներին սպասարկել, չնայած այդ մեթոդը տնտեսությանը լուրջ վնաս է հասցնում, կա՛մ թույլ տալ վիրուսի լայն տարածում, որ մարդկանց մոտ իմունիտետ մշակվի, եւ երկիրը կարողանա արագ վերադառնալ կյանքի սովորական ռիթմին, ինչն իր հերթին կհանգեցնի զոհերի թվի մեծացման»,- պարզաբանեց պարետը:

Ընդ որում՝ ինչպես ասաց Ավինյանն ինքը, երկրների մեծ մասը վարում է առաջին սցենարին համապատասխանող ռազմավարություն:

«Հիմա երկրները վարում են ճգնաժամային կառավարման քաղաքականություն: Ստեղծվում են համակարգող մարմիններ, որոնք օժտված են արագ եւ օպերատիվ որոշումներ ընդունելու հնարավորությամբ»,- ընդգծեց փոխվարչապետը՝ հավելելով, որ  հիմնական ռեսուրսներն ուղղվում են առողջապահության համակարգի ամրապնդմանը եւ սոցիալական բեռի նվազեցմանը: