Հայաստանի մի քանի տասնյակ քաղաքացիներ Մոսկվայից երրորդ հատուկ չվերթի տոմսերը գնել չհասցնելու պատճառով չվերթից հետո մնացել են «Դոմոդեդովո» օդանավակայանում՝ հրաժարվելով տեղափոխվել հյուրանոցներ։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց Ռուսաստանում հայերի միավորման համանախագահ Դավիթ Տոնոյանը:

«Գնալ ցանկացողները շատ էին, երկու երեք օր շուտ են եկել, մնացել օդանավակայանում, մինչեւ թռիչք լիներ։ Տոմսերի սահմանափակ քանակի պատճառով նրանց որոշ մասը տոմս գնել չէր կարողացել եւ մնացել էր օդանավակայանում։ Շուրջ 7 տասնյակ մարդ կար, որոնց մի մասին տեղափոխել էինք հյուրանոցներ, մի մասն էլ հրաժարվել էր։ Ամեն երեկո գնում ենք, որ նոր եկածներին, այնտեղ մնացածներին տեղափոխենք, հրաժարվում են, մտածում են՝ մնան, որ հնարավոր է՝ թռիչք լինի՝ կարողանան տոմս գնել։ Ինչ որ մասն էլ վերածում է ակցիայի, որ այդ կերպ ցույց տան՝ դժվար վիճակում են, որպեսզի թռիչք լինի։ Եղել է նաեւ, որ հասցրել են հյուրանոց, պայմանները իրենց դուր չի եկել, հանրակացարանային է եղել, վերադարձել են օդանավակայան»,-ասաց նա:

Դավիթ Տոնոյանը նշեց, որ քաղաքացիներին հորդորում են տեղափոխվել օդանավակայանից, քանի որ ՌԴ-ում տեղաշարժի նոր սահմանափակումներով պայմանավորված՝ առաջիկա մեկ շաբաթում չվերթ կազմակերպելու հնարավորություն այսպես թե այնպես չի լինի։ Բացի այդ՝ չեն բացառում, որ մարդկանց օդանավակայանից դուրս հրավիրեն։

«Դեսպանատնից ամեն օր համոզում են, որ մարդիկ հյուրանոց տեղափոխվեն, որտեղ ապահովված կլինեն նաեւ սնունդով, քանի որ օդանավակայանից ամեն պահի կարող են դուրս հանել, կլինի շատ տհաճ պատմություն։ Ուրիշ ազգերի մարդիկ չկան, միայն մեծաքանակ հայեր են մնում այնտեղ»,- նշեց նա։

Հայերի միավորումը օրական տասնյակ զանգեր է ստանում ՌԴ-ում բնակվող ՀՀ քաղաքացիներից, որոնք հայտնում են Հայաստան վերադառնալու ցանկության մասին։

«Մինչեւ չարտեր կազմակերպելը 3000 հայ կար ցուցակագրված, որոնց թիվը գնալով ավելանում է, մեզ օրական տասնյակ մարդ է դիմում, դեսպանատուն՝ հարյուրավոր»,- նշեց նա։

Նշենք, որ ՌԴ-ից վերջին շրջանում երեք չարտերային չվերթ է կազմակերպվել, որով Հայաստան է տեղափոխվել շուրջ 600 ՀՀ քաղաքացի։ Նրանք այս պահին կարանտինի մեջ են։