Գերմանիայի դաշնային կառավարությունը մտադիր է խստացնել քաղաքացիության տրամադրման կանոնները նրանց համար, ովքեր ԳԴՀ մտնելիս իրենց անվան, ազգանվան եւ հայրենիքի մասին կեղծ տեղեկատվություն են նշել, հայտնում է DW-ը։
Սա հետեւում է օրենքի նախագծից, որը պատրաստվել է Գերմանիայի ներքին գործերի նախարարության կողմից։ Փաստաթղթից մեջբերումներ է արել Die Welt թերթը։
Գերմանական քաղաքացիություն ստանալու միջնորդություն ներկայացնելու իրավունքի համար անհրաժեշտ է համապատասխանել մի շարք չափանիշների, մասնավորապես, օրինական հիմունքներով առնվազն 8 տարի ապրել Գերմանիայում։ Եթե նոր առավել խիստ կանոններն ընդունվեն, ժամանակը, որը կեղծ տեղեկություն ներկայացնողներն անցկացրել են Գերմանիայում, հաշվի չի առնվի։
«Իրեն հարգող իրավական համակարգը չպետք է բոնուսներ տրամադրի այն բանի համար, որ իրեն անտեսում են։ Հակառակ դեպքում նա օրենքի խախտման խթաններ է ստեղծում, խտրականացնում է օրինապաշտ վարքագիծը եւ այդպիսով խափանում սեփական արդյունավետության հիմքերը»,- ընդգծվում է օրենքի նախագծում։
Բացի այդ, փաստաթուղթը նախատեսում է, որ իրենց մասին տեղեկատվություն տալուց հրաժարվող կամ կեղծ տեղեկատվություն տրամադրող արտասահմանցիներին չպետք է տրվեն կեցության ժամանակավոր, իսկ այնուհետեւ անժամկետ վկայականներ, առանց որոնց չի կարելի հավակնել ԳԴՀ քաղաքացիություն ստանալու։ Անձի եւ քաղաքացիության ճշտումը պարտադիր նախապայման պետք է լինի կեցության վկայական ստանալու համար, ընդգծել են նախարարությունում։
Նախագծում առանձին պայմաններ են նշվում նման իրավախախտների երեխաների համար։ Տվյալ պահին երկրում գործում է նորմ, որի համաձայն երկու օտարերկրացի ծնողներից ԳԴՀ-ում ծնված երեխաները սովորաբար ծնվելիս գերմանական անձնագիր են ստանում, եթե այդ ծնողներից մեկը երկրում առնվազն 8 տարի ապրել է։
ԳԴՀ ՆԳՆ-ում մտադիր են այդպիսի երեխաներին հետին թվով զրկել քաղաքացիությունից, եթե պարզվի, որ նրա ծնողներից թեկուզ մեկը իշխանություններին իր մասին ոչ ճիշտ տվյալներ է ներկայացրել։ Այս դրույթը, սակայն, կառնչվի միայն նրանց, ում հինգ տարին դեռեւս չի լրացել, հստակեցնում է Die Welt-ը։ Բացի այդ, տվյալ պայմանը չի տարածվի անչափահասների վրա, որոնց ծնողներից մեկը ԳԴՀ քաղաքացի է։ Վերջապես, վերջնական որոշում կայացնելիս հաշվի կառնվի այն սկզբունքը, որի համաձայն ոչ մի երեխա չպետք է դառնա քաղաքացիություն չունեցող անձ։
Օրենքի նախագծում առանձին հիշատակվում են այն անձինք, որոնք ԳԴՀ-ում ապաստան կամ ժամանակավոր պաշտպանություն են ստանում՝ Փախստականների մասին ժնեւյան կոնվենցիայի համաձայն։ Փորձագետների տվյալներով՝ այդ դրույթը կառնչվի Գերմանիայում ապաստանի հայտ ներկայացրածների մոտ քառորդ մասին։
Die Welt-ի տվյալներով՝ ներկայում նախագիծը տարբեր նախարարությունների միջեւ գերատեսչական համաձայնության գործընթաց է անցնում։
ԳԴՀ քաղաքացիության տրամադրման մասին միջնորդության իրավունք ստանալու համար, ըստ գործող օրենքի, անհրաժեշտ է Գերմանիայում օրինական 8 տարի ապրել, իմանալ գերմաներեն, չունենալ դատվածություն եւ իքնուրույն աշխատել՝ ապահովելով ապրուստը, ինչպես նաեւ նոր հայրենիքի քաղաքական համակարգի, պատմության եւ մշակույթի իմացության հատուկ թեսթ անցնել։



























