Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին առաջարկել է ձերբակալել ՌԴ Կոմունիստական կուսակցության անդամներին, եթե նրանք Վլադիմիր Լենինի ծննդյան օրը՝ ապրիլի 22-ին մասնակցեն Կարմիր հրապարակում դամբարանին ծաղիկներ դնելու ավանդական արարողությանը՝ չնայած համաճարակային իրավիճակին, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Այս տարի կոմունիստները նշում են խորհրդային պետության հիմնադրի ծննդյան 150-ամյա տարեդարձը։

«Մենք բոլորս պետք է գտնվենք ինքնամեկուսացման մեջ։ Իսկ եթե կոմունիստները հրաժարվեն ենթարկվել բոլորի համար այդ ընդհանուր կանոններին եւ այնուամենայնիվ գնան դամբարանի մոտ (մանավանդ, նրանց կարող են միանալ որոշ անգիտակից քաղաքացիներ, որպեսզի ակցիային մասնակցելու պատրվակով պարզապես զբոսնեն Կարմիր հրապարակում), ապա առաջարկում ենք նրանց ամբողջ պատվիրակությանը ձերբակալել եւ վերջին հաշվով լուծարել ու արգելել ՌԴ ԿԿ-ն»,- շաբաթ օրը Ժիրինովսկու խոսքերն է մեջբերել կուսակցության մամուլի ծառայությունը։

ԼԴԿ առաջնորդը նաեւ դիմել է իրավապահ մարմիններին՝ կոչ անելով «խստագույն կերպով արգելել այդ գործողությունները, քանի որ դա համաճարակի շրջանում իրավական կարգի կոպտագույն խախտում է»։

ԿԿ-ում լիբերալ-դեմոկրատների առաջնորդի այդ կոչը բացատրել են քաղաքական գործչի «հակասովետական» դիրքորոշմամբ։ «Մենք հասկանում ենք պարոն Ժիրինովսկու եւ նրա կուսակցության վերաբերմունքը Լենինի, Ստալինի, խորհրդային դարաշրջանի հանդեպ՝ այստեղ մեկնաբանելու ոչինչ չկա, հակասովետականությունը գերիշխում է․․․ Մենք, իհարկե, մեր միջոցառումները կանցկացնենք գործող օրենսդրության, սանիտարահամաճարակային նորմերի ու կանոնների խիստ պահպանմամբ։ Մոսկվայում ծաղիկներ դնելու արարողությանը կմասնակցեն Պետդումայի պատգամավորներ՝ պահպանելով բոլոր կանոնները՝ դիստանցիաները, անվտանգության միջոցառումները եւ այլն»,- ՏԱՍՍ-ին հավաստիացրել է ՌԴ ԿԿ կենտրոնական կոմիտեի փոխնախագահ Յուրի Աֆոնինը։

Նա ընդգծել է, որ դամբարանին ծաղիկներ դնելը զանգվածային բնույթ չի կրի՝ հեղափոխականի հիշատակը հարգել կարելի է ապրիլի 22-ի ամբողջ օրվա ընթացքում՝ քաղաքի տարբեր կետերում։