Երեկոյան ընտանեկան ֆիլմի դիտում ենք կազմակերպում, երեխաներն ասում են իրենց նախընտրած ֆիլմերը եւ հեռուստացույցով ֆիլմեր ենք դիտում, օրը մի ձեւ անցնում է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արարատի մարզի Այգավան գյուղի բնակիչ, 15 երեխաների հայր Մարտիկ Մելքոնյանը՝ պատմելով արտակարգ դրության պայմաններում իրենց առօրյայի մասին։

«Գյուղ տեղ է, որ մի օր արեւոտ է լինում, գնում ենք դաշտ գալիս ենք, այգում ենք լինում, բանջար են հավաքում բերում, կերակուր են սարքում։ Մնացած օերը տանը՝ երեխեքի հետ խաղում եմ, ուրախանում եմ, դասերն են անում երեխաները։ Հիմնականում հեռախոսով ենք կազմակերպում դասերը, մի քիչ համակարգչի խնդիր կա, չնայած վերջերս մարզպետարանի կողմից 1 համակարգիչ ստացանք, բայց երեխաներիցս 7–ը դպրոցական են, քչություն է անում»,– ասաց ընտանիքի հայրը։

Նրա խոսքով՝ ընտանիքը կառավարության կողմիցառաջարկված աջակցություն ծրագրով օգնություն ստանալու է, բայց դրանով չեն կարողանա իրենց կենցաղային հարցերը լուծել. «Որպես նպաստառու մենք միայն վերջին 13–րդ կետից ենք օգտվելու, այն էլ՝ նպաստառուներին 50 տոկոսի չափով փոխհատուցում։ Մեր ընտանիքը երեւի ՀՀ–ում ամենաշատ նպաստ ստացող ընտանիքներից մեկն է՝ 100 հազար 500 դրամ, դրա կեսը էլի՝ 50 հազար դրամ, դա էլ գազիս ծախսը գոնե կվճարեմ։ Ահագին խնդիրներ ունենք, խանութներից ահագին պարտքեր կան, ահագին վարկեր կան, որ չմուծեցինք։ Համայնքապետարանն է աջակցել 60 հազար դրամով, դա է եղել։ Այնպես չէ, որ անուշադրության ենք մատնված, բայց համենայնդեպս էլի ահագին խնդիրներ կան։ Այն ժամանակ գոնե աշխատում էինք, նպաստի հետ հասցնում էինք, իսկ հիմա ընդհանրապես։ Սպասում ենք, հեսա մեծ թափով կսկսվեն գյուղտնտեսական աշխատանքները, կաշխատենք, մեծ տղաս է աշխատել հիմնականում։ Պետք է մեծ ընտանիքներին հաշվի առնեն, ես հետաքրքրված եմ նման մեծ ընտանիքներով, կապի մեջ եմ իրենց հետ եւ բոլորի մոտ առկա են մեծ խնդիրներ։ Վերջերս էլ վարչապետին գրություն ուղարկեցի, որ գոնե բազմազավակ ընտանիքներին կոմունալ վճարների հարցը կարգավորվի, այն էլ լավ է՝ այս 13–րդ ծրագիրը որոշակի բեռ կթեթեւացնի։ Եթե մեկուսացումը շարունակվի, էլի ինչ որ ծրագրեր են պետք մշակել, քանի որ մեծ ընտանիքներում պրոբլեմներն ավելի կմեծանան»։

Մելքոնյանի բազմանդամ ընտանիքն անցած ամիս ավելացել է ևս մեկով՝ որդին է ամուսնացրել. «Երեխաներս 15–ն են, հիմա էլ տղայիս ամուսնացրել եմ, հարս ունենք։ Էջմիածնից ենք հարսին բերել, պատահական հանդիպել ենք, ամբողջ գործողություններն ընդամենը 20 օրում է եղել։ Իմ ու կնոջս ամուսնությունն էլ է այդպես եղել։ NEWS.am-ի հետ վերջին հարցազրույցիս ժամանակ կատակով ասել էի, որ մեծ ընտանիք ենք, մեզ հարս չեն տալիս, ու այսպես 20 օրում ամուսնացան երեխաները, շատ հետաքրքիր բան եղավ։ Մարտի 8–ին ենք հարսանիքն արել։ Հարսանիքին Արարատի մարզպետարանի աշխատակազմն ամբողջությամբ ներկա է գտնվել եւ եղել է իրենց հովանավորությունը»։