Ադրբեջանի իշխանությունները մինչեւ մայիսի 4-ը երկարաձգել են երկրում գործող հատուկ կարանտինային ռեժիմը, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով երկրի նախարարների կաբինետին կից օպերատիվ շտաբին։
«Դրա հետ մեկտեղ, մինչեւ մայիսի 4-ը երկարաձգվում է բոլոր կրթական հաստատություններում պարապմունքների չեղարկման ժամկետը եւ ներկայացվում է հաջորդ շաբաթ կարանտինային ռեժիմից աստիճանաբար դուրս գալու պլանը»,- նշվում է հաղորդագրության մեջ։ Չի բացառվում նաեւ մտցված սահմանփակումների մեղմացումը առանձին ոլորտներում՝ երկրում սանիտարահամաճարակային իրավիճակի վերլուծությունից հետո։
Ադրբեջանում կորոնավիրուսի պատճառով մարտի 14-ից սահմանվել է հատուկ ռեժիմ, որը ներառում է սոցիալական մեկուսացման մի շարք միջոցառումներ, իսկ մարտի 24-ից՝ հատուկ կարանտինային ռեժիմ։ Արգելվել են զանգվածային միջցառումները, չեղարկվել են դպրոցներում եւ բուհերում պարապմունքները, փակվել են առեւտրի կենտրոնները եւ զվարճանքի վայրերը, այգիներն ու հասարակական հանգստի վայրերը, ամբողջովին դադարեցվել է միջքաղաքային տրանսպորտի եւ Բաքվի մետրոյի գործունեությունը։ Ապրիլի 5-ից երկրում տեղաշարժի սահմանափակումներ են մտցվել։ Բացառությամբ մի շարք պետական եւ մասնավոր կառույցների գործունեությանն առնչվող անձանց, մնացած քաղաքացիներին թույլատրվում է հեռանալ բնակության վայրերից որոշակի սահմանված դեպքերում եւ որոշակի ժամանակահատվածում։
Օպերատիվ շտաբի տվյալներով՝ երկրում վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 1373, ապաքինվել է 590, մահացել՝ 18 մարդ։ Հատուկ ռեժիմի հիվանդանոցներում գտնվում է 765 մարդ, կարանտինային գոտիներում՝ 3000 մարդ։



























