Անձնագրերի և վիզաների վարչության անձնագրային բաժնի պետ Կարապետ Թումասյանի աշխատանքից ազատման պատճառներից մեկը կանադահայ կնոջ' վարչապետին ուղղված նամակն է, որում նա նշում էր, թե չի կարողանում քաղաքացիություն ստանալ: Այս մասին հայտնում է Hraparak.am-ը:

«Հիշեցնենք' Փետրվարի 25-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել էր կանադահայ Մարիա Ղանաղունյանի  նամակը, որը ցանկացել էր վերականգնել ՀՀ քաղաքացիությունը, որից հրաժարվել էր 1999 թվականին ու, ինչպես իր նամակում էր ասել, ստիպված էր եղել դեգերումների միջով անցնել՝ Ոստիկանության անձնագրային ու վիզաների վարչությունից՝ մինչև ՔԿԱԳ ու Արդարադատության նախարարություն: Նամակի հեղինակի բնորոշմամբ՝ համակարգը ձախողված էր, գործում են 1960-ականներին գրված հին բյուրոկրատական օրենքները, որոնցում կան հսկայական բացթողումներ: Խնդիրն այն է, որ կինը 1999թ.-ին ամուսնանալուց հետո փոխել էր ազգանունը, հրաժարվել Հայաստանի քաղաքացիությունից և հիմա կրկին ՀՀ քաղաքացիություն ստանալու համար չուներ անհրաժեշտ փաստաթուղթը՝ ապոստիլ (Կանադայում ապոստիլ չի կիրառվում, այդ երկիրը չի անդամակցում ապոստիլյան կոնվենցիային) կամ դրան փոխարինող այլ փաստաթուղթ, որը պատկան մարմիններին հնարավորություն կտար նույնականացնել նրան ու տալ քաղաքացիություն:

Նամակում Մարիա Ղանաղունյանը նաև դժգոհել էր իր այցելած կառույցների աշխատակիցներից, որոնք, ինչպես գրված է նամակում, ասել էին, թե  պետք չէր Հայաստան վերադառնալ,  ու ճիշտ կանի՝ գնա այնտեղ, որտեղից եկել է, մի աշխատակից էլ հանդգնել էր ասել, որ Փաշինյանը խաբել է բոլորին:

Նամակը ստանալուն պես վարչապետը նախ զանգահարել էր կանադահայ տիկնոջը, ապա ֆեյսբուքյան գրառմամբ հանրությանը տեղեկացրել, թե ինչ հանձնարարականներ է տվել Ոստիկանության պետի ԺՊ Արման Սարգսյանին, Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին՝  ծառայողական քննություն անցկացնել, պատժել, առնվազն աշխատանքից հեռացնել «բոլոր մեղավորներին»: