Այս ամսվա սկզբին սիցիլական Մեսսինա քաղաքում չնայած համազգային կարանտինին՝ հուղարկավորության արարողություն է տեղի ունեցել: Դա սովորական արարողություն չէր: Ավելի քան 20 մարդ էր հավաքվել՝ հրաժեշտ տալու ամենահայտնի մաֆիոզ ընտանիքներից մեկի 70-ամյա ներկայացուցչին:

Մաֆիայի դեմ պայքարի հարցերով տարածաշրջանային կոմիտեի նախագահ Կլաուդիո Ֆավան դա անվանել է «իրական սկանդալ, վիրավորանք նրանց հանդեպ, ովքեր պայքարում են իրենց հարազատների կյանքի համար»:

Իտալիայի բարձրաստիճան պաշտոնյաները հայտնել են, որ մաֆիան օգտագործում է կորոնավիրուսի պանդեմիան հատկապես հարավային Իտալիայում:

Համարվում է, որ մաֆիայի ամենահզոր ճյուղը՝ նդրանգետան, որը գտնվում է Կալաբրիայում, վերահսկում է կոկաինի եվրոպական շուկայի 80%-ը: Չնայած նրան, որ պանդեմիան դժվարացրել է դրա տարածումը, մաֆիան օգտվում է կարանտինի առավելություններից: Սակայն մաֆիոզ խմբավորումները պարզապես կոկաինի առեւտրով չեն զբաղվում, նրանք արմատացել են տնտեսության մեջ: Նման կարծիք է հայտնել իտալական ոստիկանության ղեկավար Ֆրանկո Գաբրիելլին:

Էսսեքսի համալսարանի քրեաբանության դասախոս Աննա Սերջիի կարծիքով՝ մաֆիան՝ գումար փոխանցելով խնդրային ընկերություներին, սկսում են վերահսկել դրանց: 

Հակամաֆիոզային խմբերը, ինչպիսիք են SOS Impresa-ն, հայտարարել են, որ 2008 թվականի ճգնաժամը մաֆիան վերածել է Իտալիայի խոշորագույն բանկի: Խմբի գնահատմամբ՝ 2012 թվականին մաֆիան ունեցել է 65 մլրդ եվրո լիկվիդայնություն:

««Կոզա նոստրան» ուժգնացնում է վերահսկողությունը՝ ընտանիքներին սոցիալական օգնություն ցուցաբերելու միջոցով»,-ասել է La Repubblica թերթի լրագրող Սալվո Պալացցոլոն: