Լոնդոնյան ICE բորսայում ամերիկյան WTI տեսակի նավթի գինը 1999 թվականից ի վեր առաջին անգամ ընկել է մեկ բարելի դիմաց 15 դոլարից ցածր: Վերլուծաբանները կարծում են, որ արդյունահաման կրճատումը, որի շուրջ համաձայնել էին ՕՊԵԿ-ը եւ Ռուսաստանը, չէ բավարար չէ համաշխարհային շուկայում նավթի ցածր պահանջարկը փոխհատուցելու համար, փոխանցում է BBC-ն:
Երկուշաբթի առավոտյան լոնդոնյան ICE բորսայում ամերիկյան WTI տեսակի նավթի ֆյուչերսները նվազել են ավելի քան 20 տոկոսով եւ ցերեկը շարունակել են ընկնել: Մոսկվայի ժամանակով ժամը 1-ի սահմաններում WTI-ն մեկ բարելի դիմաց 14.1 դոլար արժեր: Երկուշաբթի Brent նավթի գինը նույնպես նվազում էր, բայց` շատ ավելի դանդաղ: Երկուշաբթի այն ընկել է մոտ 4.5 տոկոսով:
Վերլուծաբաններն անկումը բացատրում են երկու գործոնով: Նախ, արդյունահանման կրճատումը, որի շուրջ մի քանի շաբաթ տեւած առեւտրային պատերազմից հետո պայմանավորվեցին Մոսկվան եւ Էր-Ռիադը, բավարար չէր: Անցյալ շաբաթ ՕՊԵԿ+-ի երկրները պայմանավորվել էին կրճատել նավթի արդյունահանումը օրական 97 միլիոն բարելով: Պայմանավորվածությանն առաջին անգամ միացան նաեւ Միացյալ Նահանգները: Սաուդյան Արաբիան եւ Ռուսաստանը պայմանավորվել էին մայիսին եւ հունիսին նավթի օրական արդյունահանումը կրճատել 2.5 միլիոն բարելով: Կրճատումների հաշվին երկրները ակնկալում էին նավթի գների կտրուկ բարձրացման հասնել, բայց մի շարք վերլուծաբաններ կարծում են, որ արդյունահանումը պետք է ավելի կրճատվի:
«Շուկան բավականին արագ հասկացել է, որ ՕՊԵԿ+-ի պայմանավորվածությունները ներկայիս տեսքով բավարար չեն` նավթային շուկաները հավասարակշռելու համար»,- ասում է Axicorp բրոկերային ընկերության գլխավոր վերլուծաբան Սթիվեն Ինեսը: Բայց հիմնական խնդիրը տարածքի բացակայությունն է ամերիկյան նավթապահեստարաններում: Մարտի սկզբից Օկլահոմա նահանգի Քուշինգ քաղաքում նավթի պաշարներն աճել էին գրեթե 50 տոկոսով, նշում են են ANZ-ի վերլուծաբանները: «Մենք դեմպինգային գներով վաճառքներ ենք տեսնում, քանի որ ոչ ոք, ընդհանրպես ոչ ոք չի ուզում, որպեսզի Քուշինգի նավթապահեստարանները շարունակեն ամեն րոպե լցվել»,- ասում է Ինեսը:
Ուրբաթ օրը Bloomberg-ը հաղորդել էր, որ Սաուդյան Արաբիան պլանավորում է ապրիլին ԱՄՆ-ին օրական մոտ 600 հազար բարել նավթ վաճառել. սա տարվա ընթացքում վաճառքի ամենաբարձր ցուցանիշն է: Ընդ որում, ապրիլի առաջին յոթ օրվա ընթացքում Սաուդյան Արաբբիայից յուրաքանչյուրը երկու միլիոն բարել տարողությամբ յոթ նավթատար է ուղեւորվել ԱՄՆ:




























