Norwegian ավիաընկերության` Շվեդիայում և Դանիայում տեղակայված  չորս դուստր ձեռնարկությունները, որոնցում մոտ 4.7 հազար օդաչու եւ անձնակազմի անդամ է աշխատում, հայտարարել են սնանկության մասին` ոլորտի համար կորոնավիրուսային համավարակի հետեւանքների պատճառով, հայտնում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով Norwegian-ի մամուլի ծառայությունը:

«Չնայած ընկերության կողմից արդեն իսկ ձեռնարկված միջոցառումներին եւ Շվեդիայի եւ Դանիայի կառավարությունների կողմից ֆինանսական զգալի աջակցության պակասին` մեզ այլընտրանք չմնաց: Չորս ընկերությունների խորհուրդները երկուշաբթի` ապրիլի 20-ին, հայտարարել են սնանկության մասին»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Դանիայում տեղակայված են սնանկ ճանաչված ընկերություններից երեքը, Շվեդիայում` մեկը: Norwegian-ում պարզաբանել են, որ այնտեղ աշխատում էր 1.571 օդաչու եւ անձնակազմի 3.134 անդամ: Ընդ որում, ընդունված որոշումները, նշել են ընկերությունում, չեն ազդի 700 օդաչուի եւ անձնակազմի 1.300 անդամի վրա, որոնք աշխատում են Նորվեգիայում, Ֆրանսիայում եւ Իտալիայում:

Մարտին Norwegian-ը կորոնավիրուսի տարածման պատճառով 60 տոկոսով կրճատել էր իր ավիափոխադրումները: Ընդհանուր առմամբ, մարտ ամսվա ընթացքում ընկերության ինքնաթիռներով ճանապարհորդել է 1.15 միլիոն մարդ, ինչը 61 տոկոսով ավելի քիչ է` 2019 թվականի մարտի համեմատ: Norwegian-ում նշել են, որ նման մեծ անկումը պայմանավորված է «համավարակի շատ արագ տարածմամբ» եւ պահանջարկի զուգահեռ անկմամբ:

Մարտի կեսերին ընկերությունը հայտնել էր առաջիկա ամիսներին ավիափոխադրումները 85 տոկոսով կրճատելու մասին: Norwegian-ի ինքնաթիռներն այժմ սահմանափակ թվով կթռնեն միայն Նորվեգիայի ներսում եւ Հյուսիսային Եվրոպայի այլ երկրներ ու եվրոպական մի շարք քաղաքներ: Գրեթե բոլոր միջմայրցամաքային չվերթները չեղարկվել են:

Բացի այդ, ընկերությունը ժամանակավորապես կրճատել է աշխատակիցների մեծ մասին: Միջոցառումների ժամկետները դեռ չեն նշվում: