Պետական եկամուտների կոմիտեում բացառված չեն դեպքերը, որոնք կարող են կապված լինել կոռուպցիայի հետ, եւ մեր գործը դրանք բացահայտելն է։ Այս մասին ապրիլի 20-ին «Ազատություն» ռադիոկայանի ուղիղ եթերում հայտարարեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը։
Նա պարզաբանեց, թե այդպիսի աշխատակիցները պետք է հասկանան, որ կզրկվեն ոչ միայն կարիերայից, այլեւ պատասխան կտան օրենքով։ «Կարեւորն այն չէ՝ կա արդյոք կոռուպցիա, թե ոչ, այլ այն, թե ինչ վերաբերմունք կա դրա հանդեպ, իսկ այսօր երկրի իրավապահ համակարգը լի է այդ երեւույթի դեմ պայքարելու վճռականությամբ»,- նշեց Դավիթ Անանյանը։ Նա հայտնեց նաեւ «ստվերի» դեմ պայքարի մասին, քանի որ, նրա խոսքերով, հակառակ դեպքում դա կնշանակեր հետընթաց կառույցի աշխատանքում։
«2018 թվականի ապրիլից մինչեւ 2020 թվականի հունվարը գրանցվել է 87 000 նոր աշխատատեղ։ Դա եւս «ստվերի» դեմ պայքարի արդյունք է, որի ամենափոքր դրսեւորումը հարվածում է երկրի տնտեսությանը»,- ամփոփեց ՊԵԿ նախագահը։




























