Ամերիկյան WTI տեսակի նավթի գինը՝ մայիսյան մատակարարումներով թանկացել է բարելի դիմաց մինչեւ 2,21 դոլարով՝ վերադառնալով դրական նիշին, այս մասին վկայում են սակարկությունների տվյալները, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Երկուշաբթի WTI տեսակի նավթը՝ մայիսյան մատակարարումներով պատմության մեջ առաջին անգամ նվազել էր մինչեւ բացասական նիշեր, NYMEX-ի գնանշումները հասել էին բարելի դիմաց մինուս 40,32 դոլարի: Brent տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսը երկուշաբթի նվազել էր բարելի դիմաց մինչեւ 25,38 դոլարի:
Ավելի ուշ WTI-ի մայիսյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) թանկացել էին 160 տոկոսով՝ հասնելով բարելի դիմաց մինչեւ 2,21 դոլարի:
Երկուշաբթի WTI-ի մայիսյան ֆյուչերսները բացասական նիշի էին հասել այն բանին զուգահեռ, թե վաճառողներն ինչպես էին փորձել պահուստարանների լիքը լինելու պատճառով ազատվել ավելորդ նավթից:
Նավթի պահանջարկը կտրուկ նվազել է կորոնավիրուսի համավարակի պատճառով, որի հետեւանքով շատ երկրներ սահմանները փակել են, իսկ ձեռնարկությունների աշխատանքը դադարեցվել է:
Գնանշումների վրա բացասաբար է ազդել նաեւ ՕՊԵԿ+-ի անընդունակությունը մարտին նոր գործարքի շուրջ պայմանավորվելու հարցում: Արդյունքում համաձայնագիրը ստորագրվել էր միայն ապրիլի կեսին, սակայն դա չէր օգնել շուկայում գների կայունացմանը:
ՕՊԵԿ-ում եւ ՄԻջազգային էներգետիկ գործակալությունում ակնկալում են հումքի ավելցուկի ֆոնին նավթի պահանջարկի ռեկորդային անկում:




























