Նոր Շոտլանդիա նահանգում տեղի ունեցած ողբերգական հրաձգությունից հետո Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել է, որ իր վարչակազը պատրաստվում է խստացնել զենքի մասին օրենքները, հայտնում է CTV-ն:
«Ինչ վերաբերում է զենքի վերահսկմանը, մենք շատ լուրջ պարտավորություններ ենք ստանձնել նախընտրական քարոզարշավի ընթացքում, մենք առաջընթաց ենք գրանցել եւ շարունակում ենք առաջ շարժվել դրանցով` մեր երկրում զենքի վերահսկողությունը խստացնելու համար»,- ասել է Թրյուդոն:
Թրյուդոն հայտնել է, որ անցած տարի նախընտրական քարոզարշավի ընթացքում նա ցանկանում էր արգելել հարձակման նպատակով օգտագործվող զենքի տեսակները եւ ներդնել քաղաքացիներից ռազմական զենք գնելու ծրագիրը: Երկրի խորհրդարանը պատրաստվում էր ընդունել այս օրենքը, երբ դրա աշխատանքը դադարեցվեց կորոնավիրուսի համաճարակի պատճառով:
Հիշեցնենք, որ շաբաթ օրը լրատվամիջոցները հայտնել էին Կանադայի Նոր Շոտլանդիա նահանգում տեղի ունեցած հրաձգության մասին: Կրակողը 51-ամյա ատամնաբույժ Գեբրիել Ուորթմանն էր, ով ոստիկանական ավտոմեքենայով շրջել էր նահանգով եւ կրակել 19 մարդու վրա: Լրատվամիջոցները նաեւ հայտնել են, որ հրաձիգը ոստիկանության համազգեստով է եղել: Ինքը` Ուորթմանը, գնդակահարվել է ոստիկանության կողմից:





























