Բասկեդբոլի լեգենդ Կոբի Բրայանտի եւ նրա դստեր հետ միասին ուղղաթիռի կործանման հետեւանքով զոհվածների հարազատները միացել են սպորտսմենի կնոջը` հայց ներկայացնելով այն ընկերության դեմ, որին պատկանում էր կործանված ուղղաթիռը, հայտնում է Associated Press-ը:

Նույն ընտանիքի երեք անդամի եւ Բրայանտի դստեր բասկետբոլի մարզչի անունից հայցերն ուղարկվել են Լոս Անջելեսի դատարան:

Դատական հայցերը ներկայացվել են Բրայանտի կնոջ` Վանեսայի կողմից համանման հայցից հետո, ով դատի էր տվել Island Express Helicopters, Sikorsky ընկերություններ եւ դրա սեփականատիրոջը:

Սակայն, ի տարբերություն Վանեսա Բրայանտի, վթարի մնացած զոհերի հարազատները դատական հայցում չեն նշել վթարի հետեւանքով զոհված ուղղաթիռի օդաչու Արա Զոբայանին կամ նրա իրավահաջորդներին: Հայցվորները նշված ընկերություններին մեղադրում են անփութության եւ անուշադրության մեջ: Գործակալությունը հայտնում է, որ Island Express Helicopters ընկերությունում հրաժարվել են մեկնաբանել այս տեղեկատվությունը:

Հիշեցնենք, որ Կոբի Բրայանտի ուղղաթիռը կործանվել էր 2020 թվականի հունվարի 26-ին Կալիֆոռնիայում: Նրա հետ զոհվել է 8 մարդ, ներառյալ նրա 13-ամյա դուստրը՝ Ջիաննան, ինչպես նաեւ հայ պրոֆեսիոնալ օդաչու Արա Զոբայանը: