Հայաստանի Սյունիքի մարզի Քաջարան, Արծվանիկ, Սեւաքար, Աճանան, Չափնի եւ Սյունիք համայնքների հողատարածքների մի մասն այսօր՝ ապրիլի 28-ին կառավարության նիստում ճանաչվեց որպես գերակա հանրային շահ։
Դա կատարվեց Քաջարանի պղնձամոլբդենային հանքավայրի տարածքն ընդլայնելու նպատակով։ Ընդհանուր առմամբ՝ համայնքները ստիպված կլինեն մինչեւ 2012 թ. հունվարի 1-ը Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատին վաճառել 2700 հա հողատարածք։
Կառավարության որոշման մեջ չի նշված, թե հողերը ինչ գնով պետք է վաճառվեն։
Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության ներկայացրած տեղեկանքում նշված է, որ հանքի ընդլայնման շնորհիվ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը կավելացնի արդյունահանումը, աշխատողների թիվը 3081-ից կհասնի 3200-ի, վճարվող հարկերը՝ 21 մլրդ դրամից մինչեւ 28 մլրդ դրամի։





























