Չորեքշաբթի ԱՄՆ-ի Տեխաս եւ Օկլահոմա նահանգներում հզոր տորնադոյի հետեւանքով առնվազն 5 մարդ է զոհվել, հայտնում է Fox News-ը: Հաղորդվում է նաեւ պատճառված վնասի մասին:

Արտակարգ իրավիճակների կառավարման տնօրեն Ռոբերտ Չեյնիի խոսքով` Օկլահոմայում առնվազն երկու մարդ է զոհվել, եւս մի տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է:
Տեխասի Փոլկ շրջանում աղետի հետեւանքով առնվազն երեք մարդ է մահացել, 30-ը մարդ վնասվածքներ է ստացել:

Փոլկ շրջանում տուժածների թվում մի տղա կա:

Փոլկի շրջանային դատարանը հռչակագիր է տարածել աղետի մասին` «կյանքին, առողջությանը եւ սեփականությանը սպառնացող զգալի վտանգի կապակցությամբ»:

Տեխասի նահանգապետ Գրեգ Էբոթը հայտարարել է, որ իր գրասենյակն աշխատում է տեղական ուժերի հետ համատեղ` տորնադոյից տուժած շրջաններին անհապաղ օգնություն ցուցաբերելու համար: Նահանգում արդեն արձագանքման խմբեր եւ բժիշկներ են աշխատում:

ԱՄՆ-ի Օդերեւութաբանական ծառայության տվյալներով` տորնադոն Տեխասում վրա է հասել 18:00-ի սահմաններում: