Փարիզը եւ մայրաքաղաքի տարածաշրջանը միավորող AP-HP կենտրոնի տվյալների համաձայն, COVID-19-ով հոսպիտալացված 11 000 պացիենտների միայն 8,5%-ն է ծխող եղել։ Սա ծայրահեղ ցածր ցուցանիշ է՝ հաշվի առնելով, որ Ֆրանսիայում ամեն օր ծխում է բնակչության ավելի քան մեկ քառորդը՝ 25,4 %-ը։ Վիճակագրությունը հրապարակել են ֆրանսիական Le Monde եւ Le Point թերթերը։
AP-HP-ի տվյալներով՝ նիկոտինը, հավանաբար, զսպում է վիրուսի տարածումը օրգանիզմի բջիջներում։
Եւս մեկ հետազոտություն են կատարել փարիզյան համալսարանական Պիտյե Սալպետրիեր խոշորագույն հիվանդանոցի բժիշկները։ Նրանք պարզել են ծխողների թիվը 343 հոսպիտալացվածների եւ 139 ամբուլատոր պացիենտների մեջ։ Պարզվել է, որ հիվանդանոց ընդունված այն պացիենտների շրջանում, ում միջին տարիքը 65 է, միայն 4,4%-ն է մշտական ծխում։ Ամբուլատոր պացիենտներից (միջին տարիքը՝ 44) ամեն օր ծխում է 5,3%-ը, հայտնում է RFI-ը։
«COVID-19-ով վարակվածների շրջանում մոտ 80%-ով ավելի քիչ ծխողներ կան, քան բնակչության մեջ ընդհանրապես, եթե դիտարկենք նույն սեռի եւ տարիքի մարդկանց»,- Պիտյե Սալպետրիերի պրոֆեսոր Զահիր Ամուրային է մեջբերում Le Point-ը։
«Մեր հետազոտությունը հանգեցնում է այն մտքին, որ ուժեղ արտահայտված ծխողների մոտ վարակվելու հավանականությունը ավելի քիչ է, քան մնացած բնակչության մոտ»,- նշում են հետազոտության հեղինակները։
Ֆրանսիացի հետազոտողները, ինչպես գրում է Le Monde-ը, պատրաստվում են նիկոտինային գործոնը օգտագործել ինչպես հոսպիտալացված պացիենտների, այնպես էլ կորոնավիրուսով չվարակված բուժաշխատողների կլինիկական հետազոտությունների շրջանակում։ «Այժմ մենք առողջապահության նախարարության աջակցությամբ գնահատում ենք այդ մոտեցման արդյունավետությունը»,- հայտարարել է հետազոտությանը մասնակցող բժիշկ-վարակաբան Ֆլորանս Թյուբաքը։
Ավելի վաղ չինացի գիտնականների նմանօրինակ հետազոտությունը հրապարակվել էր New England Journal of Medicine-ում։ Պարզվել էր, որ կորոնավիրուսով վարակված հազար մարդուց 12,6%-ն է ծխող, այն դեպքում, երբ Ֆրանսիայի հետ համեմատած՝ Չինաստանում ծխողներն ավելի շատ են՝ բնակչության ընդհանուր թվի 28%-ը։
Չմոռանանք, որ ծխելը ավելի մեծ թվով մարդ է սպանում, քան COVID-ը:




























