Ծովային սառույցը օվկիանոսի սառած ջուրն է, որը հալվում է ամեն ամառ, այնուհետեւ սառչում ամեն ձմռանը: Կլիմայի փոփոխության արդյունքում Արկտիկան ավելի քան երկու անգամ ավելի արագ է տաքանում, քան մոլորակի մնացած մասը: Համաձայն նոր ուսումնասիրության՝ Հյուսիսային սառուցյալ օվկիանոսը հետագա 30 տարիներին ամռանը սառույցից կազատվի, ինչը կհանգեցնի «կործանարար հետեւանքների արկտիկական էկոհամակարգի համար», հայտնում է Americaru-ն:

Այսպիսի տվյալներ են ստացել Մոնրեալում Մաքգիլի համալսարանի փորձագետները: Վերջին մի քանի տասնամյակների ընթացքում Արկտիկայում ամառը ծովային սառույցի քանակը անշեղորեն նվազում է գլոբալ տաքացման պատճառով: 1979 թվականին արբանյակների գրանցումից ի վեր, արկտիկական ամառային սառույցը կորցրել է իր տարածքի 40%-ը եւ իր ծավալի մինչեւ 70%-ը:

2019 թվականին սառույցի ծավալները ամռանը հասել են դիտումների ամբողջ պատմության մեջ երկրորդ ամենացածր մակարդակին, հայտնում է Օվկիանոսային եւ մթնոլորտային ազգային վարչությունը:

Ծովային սառույցը ազդում է արկտիկական բնակչության եւ վայրի բնության վրա, ներառյալ բեւեռային արջերն ու ծովացուլերը, ինչպես նաեւ օգնում է կարգավորել մոլորակի ջերմաստիճանը՝ ազդելով մթնոլորտի եւ օվկիանոսի շրջանառության վրա: Արկտիկայում սառցե ծածկույթի վիճակը ազդում է գլոբալ եղանակային պայմանների վրա:

Մաքգիլում Մթնոլորտային եւ օվկիանոսային գիտությունների ամբիոնից առաջատար հեղինակ Բրունո Թրեմբլեն կարծում է, որ շատ տեսակներ, այդ թվում՝ արջերը, պարզապես կանհետանան, եւ մոլորակն ավելի ուժեղ կտաքանա։