Մադագասկարում զինվորները մայրաքաղաք Անտանանարիվուի բնակիչներին տեղական բուսական թեյ են բաժանում, որը նախագահ Անդրի Ռաջոելինան գովազդել է որպես հզոր միջոց նոր կորոնավիրուսի դեմ, հայտնում է AFP-ը:

Covid-Organics կոչվող թեյի բաղադրությամ մեջ կա արտեմիզիա (օշինդր)՝ մալարիայի դեմ ապացուցված արդյունավետությամբ բույս, ինչպես նաեւ տեղական այլ խոտաբույսեր: Այն մշակվել է Մադագասկարի կիրառական հետազոտությունների ինստիտուտի (IMRA) կողմից, սակայն միջազգային փորձաքննություն չի անցել:

«Այս բուսական թեյը յոթ օրում արդյունք է տալիս»,- ասել է նախագահ Ռաջոելինան: «Մենք կարող ենք փոխել ամբողջ աշխարհի պատմությունը»,- հավելել է նա՝ վստահեցնելով, որ երկու մարդ, ովքեր խմել են այդ թեյը, արդեն ապաքինվել են:

Սակայն գիտնականները նախազգուշացնում են չստուգված բուսական ըմպելիքների հավանական վտանգի մասին:

Ներկայումս չկա դեղամիջոց կորոնավիրուսի դեմ, որով վարակվել է առնվազն 121 մարդ՝ Մադագասկարում, եւ ավելի քան 2,6 միլիոն մարդ՝ ամբողջ աշխարհում:

Այնուամենայնիվ, Հնդկական օվկիանոսում կղզի-պետության զինվորական պաշտոնյաներն ասում են, որ թուրմն ավելի լավ է, քան ոչինչը: «Դա կուժեղացնի իմունիտետը»,- ասել է ռազմական բժիշկ, գնդապետ Ուիլ Ռատովոնդրեյնին:

Մադագասկարի 26 միլիոն բնակչության մեծ մասը ապրում է սարսափելի աղքատության մեջ`առողջապահության սահմանափակ հասանելիությամբ, եւ պարբերաբար բուսական թեյեր է ընդունում տարածված տարբեր հիվանդությունների բուժման համար:

Մադագասկարում կորոնավիրուսի դեպքերը համեմատաբար ցածր են, իսկ մահվան դեպքեր առայժմ չկան։