Ապրիլի 27-ից միանգամից մի քանի երկրներ աստիճանաբար մեղմում են կարանտինային միջոցառումները, որոնք SARS-CoV-2 կորոնավիրուսի համավարակի պատճառով մտցվել էին բնակչության եւ բիզնեսի համար: Լոկդաունից դուրս գալու ճանապարհով առաջինը ընթանում են Եվրամիության որոշ երկրներ, հայտնում է «Գերմանական ալիքը»: 

Չեխիան ԵՄ-ում առաջինը կբացի սահմանները

Ապրիլի 27-ից Չեխիան ԵՄ երկրներից առաջինն է սահմանները բացել իր քաղաքացիների համար: Սա արվել է այն բանի ֆոնին, որ երկրում շարունակում են անկում գրանցել COVID-19-ով հիվանդության դեպքերը:

Կարանտինը մեղմելու առիթ է դարձել անցած հինգշաբթի դատարանի որոշումը, որը կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի համար ավելի վաղ կառավարության ընդունած միջոցառումները ճանաչել էր երկրի օրենքները խախտող: «Կարելի է արտասահման մեկնել, անգամ արձակուրդի: Բայց յուրաքանչյուրը, որ վերադառնում է, պետք է հաստատի կորոնվիրուսի թեստի բացասական արդյունքը կամ 2 շաբաթ տնային կարանտինում անցկացնի»,- հայտարարել է երկրի առողջապահության նախարար Ադամ Վոյտեխը:

Չեխիա օտարերկրացիների մուտքը նախկինի պես սահմանափակված է, բացառություններ են կատարված Եվրամիությունից ձեռներեցների համար: Երկրում ապրիլի 27-ից աշխատանքը կվերսկսեն մինչեւ 2,5 հազար քառ.մետր մակերեսով խանութները եւ ավտոդպրոցները: Իսկ բուհերը կարող են ուսուցումը վերսկսել, բայց  լսարաններում միայն մինչեւ 5 մարդու սահմանափակմամբ:

Շվեյցարիայում եւ Ավստրիայում կբացվեն վարսահարդարման սրահները

Կարանտինային միջոցառումները կմեղմեն նաեւ երկու ալպիական հանրապետություններ՝ Շվեյցարիան եւ Ավստրիան: Ապրիլի 27-ից Շվեյցարիայում աշխատանքը կվերսկսեն, օրինակ, վարսահարդարներն ու  ֆիզիոթերապեւտները, ինչպես նաեւ կենցաղային ծառայություններ մատուցող ձեռնարկությունները: Իշխանությունները պատրաստվում են դպրոցները բացել մայիսի 11-ից հետո, իսկ ահա բարերն ու ռեստորանները փակ կմնան նվազագույնը մինչեւ հունիսի 8-ը:

Ընթացիկ շաբաթում կարանտինային ռեժիմի մեղմում է սպասվում նաեւ Ավստրիայում. մայիսի 1-ից բացվելու են խանութները, վարսահարդարման, մատնահարդարման սրահները եւ այլն:

Սահմանափակումներով կբացվեն նաեւ ռեստորանները: Հաստատությունները չպետք է աշխատեն ժամը 23-ից ուշ, աշխատակիցները պետք է դիմակ կրեն, հաճախորդների թիվը եւ ռեստորաններում նրանց տեղաբաշխումը նույնպես պետք է խստորեն կարգավորվի, պարզաբանել է Ավստրիայի կանցլեր Սեբաստյան Կուրցը: Նա խոստացել է մանրամասները հայտնել ապրիլի 28-ին: Մայիսի կեսին կարող են բացվել եկեղեցիները, որոնցում ժամերգություններ են անցկացվելու, բայց որոշումը կընդունվի հիվանդացածների թվի դինամիկայից կախված, շեշտել է Ավստրիայի առաջնորդը:

Նիդերլանդները երեխաներին թույլ կտա թիմային մարզաձեւերը

Այսօրվանից՝ ապրիլի 27-ից, Լիտվայում ուժի մեջ կմտնի կարանտինային միջոցառումների մեղմումը. կբացվեն թանգարանները, գրադարանները, փողոցային սրճարանները, ինչպես նաեւ վարսահարդարման ու կոսմետիկայի սրահները: Սպորտային հրապարակներում թույլ կտան այնպիսի մարզաձեւեր, ինչպես գոլֆն ու թենիսը: Կբացվեն նաեւ կենդանաբական ու բուսաբանական այգիները: Իշխանություններն ավելի վաղ՝ անցած հինգշաբթիից, թույլ էին տվել բացել բոլոր մանրածախ խանութները, ներառյալ նրանք, որոնք գործում են առեւտրի կենտրոններում: Այսպիսի որոշում է ընդունվել միաժամանակ լոկդաունը մինչեւ մայիսի 11-ը երկարացնելով:

Նիդերլանդներն էլ ավելի հեռուն կգնա: Մայիսի 11-ից կարանտինային միջոցառումները կմեղմեն երեխաների համար: Կբացվեն մանկապարտեզները, իսկ տարրական դպրոցների դասարանները կզբաղվեն «կես ուժով». դասարանները կբաժանեն 2 կամ մի քանի խմբերի, որ նվազեցվի հիվանդության հավանականությունը: Մնացյալ աշակերտները պետք է աստիճանաբար դպրոցներ վերադառնան հունիսի 2-ից: Նիդերլանդների իշխանությունները կարանտինային միջոցառումների մեղմման որոշումը կայացնելիս հենվում են վիճակագրության վրա, որի համաձայն՝ երկրում 34 հազար վարակվածներից միայն 147 մարդ է եղել 14 տարեկանից փոքր, նրանցից հիվանդանոց է դիմել միայն 47-ը:

Մայիսի վերջից աշակերտներին թույլ կտան զբաղվել սպորտով, ներառյալ մարմնական շփմամբ թիմային  մարզաձեւերը: Մինչեւ 18 տարեկան աշակերտներին թույլ կտան սպորտով զբաղվել, բայց միայն այնպիսի մարզաձեւով, որի դեպքում հնարավոր է պահպանել 1,5 մետր հեռավորություն, օրինակ՝ սեղանի կամ մեծ թենիս: Պարապմունքները կարող են վերսկսել նաեւ սպորտային ակումբները, սակայն կթույլատրվեն միայն անհատական մարզաձեւերը:

Իսպանիա. մեղմացում, բայց աննշան

Իսպանիայի իշխանությունները մեղմում են Եվրոպայում կարանտինի ամենախիստ միջոցառումներից մեկը: Ապրիլի 26-ից 14 տարեկանից ոչ մեծ բոլոր երեխաներին թույլ է տրվել փողոց դուրս գալ՝ առանց սահմանափակումների: Կառավարությունը պաշտոնապես ներողություն է խնդրել երեխաներից նախկինում մտցված սահմանափակումների պատճառով: «Ձեզ համար դա ամենեւին հեշտ չէր, ուստի մենք ձեզնից ներողություն ենք խնդրում»,- անցած շաբաթավերջին հայտարարել է երկրի փոխվարչապետ Պաբլո Իգլեսիասը:

Իսպանիայի տարածաշրջաններից առաջինը նախատեսում են լոկդաունից դուրս գալ Կանարյան կղզիները՝ սկսած  Հոմերայից: Այս կղզում հիվանդության նոր դեպքեր չեն գրանցվել մարտի 29-ից: Հետագա մեղմացումները հնարավոր են մայիսի երկրորդ կեսից, հայտարարել է Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը:

Նոր Զելանդիան հույս ունի կորոնավիրուսից ընդհանրապես ազատվել

Նոր Զելանդիայի իշխանությունները լոկդաունի մեղմացման են դիմում վարակվածների թվի աճի փաստացի դադարեցման ֆոնին՝ չգերազանցելով օրական 20 դեպքը, իսկ անցյալ շաբաթ՝ հինգշաբթի գրանցվել է SARS-CoV-2-ով վարակման 3 նոր դեպք:

«Մենք հնարավորություն ունենք անելու այն, ինչը դեռեւս չի հաջողվել անել մյուս երկրներին՝ վիուսից ազատվել»,- ավելի վաղ հայտարարել էր երկրի  վարչապետ Ջասինդա Արդեռնը:

Ապրիլի 27-ից աշխատանքը կվերսկսեն որոշ ձեռնարկություններ եւ դպրոցներ, սահմանափակումների մեղմացում կհաջորդի ներքին տեղաշարժումների համար: Դրանից բացի, թույլ կտան մինչեւ 10 մարդու հավաքները, մասնավորապես հարսանիքների եւ հուղարկավորությունների համար: Երկուշաբթի կառավարությունը քննարկելու է մեղմացման հետագա միջոցառումները. Նոր Զելանդիայում սահմանափակման միջացառումները համարվում էին աշխարհում ամենախիստերից մեկը:

Ով է ավելի վաղ արդեն դիմել կարանտինի մեղմացման

Ապրիլի 20-ից կարանտինային միջոցառումները մեղմել էին Դանիան եւ Նորվեգիան: Դանիայում աշխատանքը վերսկսել էին փոքր բիզնեսի ձեռնարկությունները, բացվել էին դպրոցները եւ մանկապարտեզները: Նորվեգիայում նույնպես մանկապարտեզները կբացվեն, իսկ դպրոցները բացվելու են ապրիլի 27-ից՝ 1-4-րդ դասարանների աշակերտների համար: Զուգահեռ նորվեգացիներին կոչ են անում օգտվել կամավոր բջջային հավելվածից՝ COVID-19-ով վարակվածներին հետեւելու համար:

Նախկինում  կարանտինի մեղմացման որոշ միջոցառումների են դիմել Լեհաստանի իշխանությունները՝ թույլ տալով զբոսնել այգիներում եւ անտառային արգելոցներում: Մեծացվել է խանութներում հաճախորդների առավելագույն թիվը: Վարշավան նախատեսում է կարանտինային միջոցառումները թուլացնել կամ սաստկացնել աստիճանաբար՝ կախված իրավիճակի զարգացումից: