SARS-CoV-2 կորոնավիրուսից մահվան առավել բարձր ցուցանիշներով եվրոպական չորս երկրներում գրանցվել է մահվան դեպքերի զգալի նվազում։ Մասնավորապես, Ֆրանսիայում վերջին օրվա ընթացքում COVID-19-ից մահացել է 242 մարդ, որից 152-ը՝ հիվանդանոցներում եւ 90-ը՝ ծերանոցներում, հայտնել է երկրի սոցիալական հարցերի եւ առողջապահության նախարարությունը։ Մեկ օր առաջ այդ ցուցանիշը 369 է կազմել, հայտնում է DW-ն։

Ընդ որում, մահերի օրական ցուցանիշը հիվանդանոցներում ամենացածրն է վերջին հինգ օրերին։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի բռնկման սկզբից Ֆրանսիայում դրա զոհ է դարձել 22 856 մարդ։ Ներկայում հիվանդանոցներում գտնվում է հաստատված SARS-CoV-2-ով ավելի քան 28 000 պացիենտ, որոնցից ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում՝ 4682 մարդ, հայտնել է առողջապահության ֆրանսիական գերատեսչությունը։

Իտալիայում գրանցվել է կորնավիրուսից մահվան դեպքերի ամենացածր ցուցանիշը մարտի 14-ից։ Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում, որը փետրվարից կորոնավիրուսի էպիկենտրոնն է Եվրոպայում, մահացել է 260 մարդ, հայտնել է երկրի առողջապահության նախարարությունը։ Նախօրեին մահվան ելքերը կազմել են 415, իսկ COVID-19-ից մահացածների ընդհանուր թիվը Իտալիայում 26 644 է։

Իր հերթին Մեծ Բրիտանիայի առողջապահության եւ սոցիալական հարցերի նախարարությունը հայտնել է COVID-19-ից մահվան դեպքերի ամենացածր ցուցանիշի մասին մարտի 31-ից ի վեր։ Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում կորոնավիրուսից մահվան դեպքերը կազմել են 413՝ հասնելով 20 732-ի։ Միաժամանակ, մահացության իրական ցուցանիշը Միացյալ Թագավորությունում կարող է էապես ավելի բարձր լինել, քանի որ պաշտոնական վիճակագրությունը այդ երկորւմ հաշվարկում է միայն COVID-19-ից մահվան դեպքերը հիվանդանոցներում, սակայն ոչ տներում եւ ծերանոցներում։

Իսպանիայում անցած օրվա ընթացքում կորոնավիրուսից վարակման հետեւանքով մահացել է 288 մարդ, որը ամենացածր ցուցանիշն է մարտի 20-ից։ Նախօրեին մահվան դեպքերի թիվը կազմել է 378։ COVID-19-ից մահացածների ընդհանուր թիվը երկրում 23 190 է։

Ընդ որում, Իսպանիան առաջատար է Եվրոպայում վարակվածների ընդհանուր թվով (226 600)։ Նրան հետեւում է Իտալիան (197 777), Ֆրանսիան (162 100), Գերմանիան (154 200) եւ Մեծ Բրիտանիան (152 800)։ Մահացության ցուցանիշները ԳԴՀ-ում համեմատաբար ցածր են։ Ռոբերտ Կոխի անվան ինստիտուտի տվյալներով, որը տեղեկատվությունը կեսգիշերին է թարմացրել, անցած օրվա ընթացքում այդ երկրում մահացել է 140 մարդ, այդպիսով մահվան դեպքերի ընդհանուր թիվը կազմել է 5 640։