Նոր Զելանդիան հայտարարել է կորոնավիրուսի «չեզոքացման» եւ սահմանանփակումները «չորրորդից մինչեւ երրորդ մակարդակ» թուլացնելու մասին։

Նոր Զելանդիայի առողջապահության դեպարտամենտի գլխավոր տնօրեն Էշլի Բլումֆիլդը հայտարարել է, որ նոր դեպքերի ոչ մեծ թիվը «վստահություն է ներշնչում, որ մենք հասել ենք չեզոքացման մեր նպատակին, սակայն դա չի նշանակում, որ զրոյական մակարդակի ենք հասել, դա նշանակում է՝ մենք գիտենք, թե որտեղից են գալիս մեր դեպքերը։ Մեր նպատակը չեզոքացումն է։ Եւ կրկին, դա չի նշանակում արմատախիլ անել, այլ նշանակում է անցում ոչ մեծ թվով դեպքերի, որոնք մենք կարող ենք վերահսկողության տակ վերցնել եւ կանխել նոր բռնկումները»։

Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնը հայտարարել է, որ կորոնավիրուսը «ներկայում» չեզոքացված է, սակայն երկրին անհրաժեշտ է պահպանել զգոնություն, եւ դեռեւս հնարավոր են նոր դեպքեր։

«Երրորդ մակարդակին» անցումը թույլ կտա ձեռնարկություններին մասամբ բացվել՝ որոշ սահմանափակումներով։ Դպրոցները եւս կբացվեն սահմանափակումներով։ Մարդիկ կկարողանան տանելու համար մթերք գնել եւ մասնակցել ռիսկի ցածր մակարդակով զվարճանքի միջոցառումների։ Հարսանիքներին եւ թաղումներին թույլ կտրվի մասնակցել մինչեւ 10 մարդու։ Հասարակական վայրերը, ինչպիսին են գրադարանները, թանգարանները, սպորտային դահլիճները, նախկինի պես կմնան փակ, եւ միջոցառումները կվերանայվեն երկու շաբաթից՝ մայիսի 11-ին։

Ջոն Հոփկինսի համալսարանի տվյալներով՝ Նոր Զելանդիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1469 եւ մահվան 19 դեպք։

Ինչպե՞ս է գործել Նոր Զելանդիան։

Նոր Զելանդիան կորոնավիրուսի առաջին դեպքը հաստատել է փետրվարի 28-ին: Մարտի 14-ին, երբ երկրում վեց դեպք է եղել, Արդերնը հայտարարել է, որ երկիր մուտք գործող յուրաքանչյուր անձ երկու շաբաթվա ընթացքում պետք է մեկուսացվի, ինչը այն ժամանակ աշխարհում ամենախիստ սահմանափակումներից էր: Օտարերկրյա քաղաքացիներին արգելվել է երկիր մուտք գործել մարտի 20-ին:

Մարտի 23-ին, երբ հաստատվել էր 102 դեպք, Արդերնը հայտարարել է ձեռնարկությունների, դպրոցների փակման, միջոցառումների եւ հանդիպումների չեղարկման մասին: Արգելվել է մարզերի միջեւ օդային փոխադրումը:

Մարտի 25-ին Նոր Զելանդիան անցել է «չորրորդ մակարդակի» ամենախիստ կարանտինին, մարդկանց արգելվել է տներից դուրս գալ:

Նոր Զելանդիայում նաեւ լայնածավալ թեսթավորումներ են անցկացվել՝ մինչ օրս 123 920 թեսթ է անցկացվել 5 միլիոնից քիչ բնակչություն ունեցող երկրում: Երկուշաբթի Արդերնը ասել է, որ Նոր Զելանդիան մեկ շնչի հաշվով թեսթավորման ամենաբարձր մակարդակ ունեցողներից է աշխարհում, եւ երկիրը կարող է օրական մինչեւ 8000 թեստ մշակել:

Ապրիլի 9-ին, չնայած դեպքերի թվի կրճատմանը, Արդերնը ավելի է խստացրել սահմանային արգելքները, այնպես որ Նոր Զելանդիա ժամանող բոլոր քաղաքացիները եւ մշտական բնակիչները ստիպված են եղել երկու շաբաթ անցկացնել կարանտինում՝ հաստատված վայրում, այլ ոչ թե տանը: