Ամերիկայի Միացյալ Նահանգների Լոս Անջելես քաղաքում մոտ 100 ՀՀ քաղաքացի ցանկանում է վերադառնալ հայրենիք, սակայն չեն կարողանում չվերթների չեղարկման պատճառով: NEWS.am-ի խմբագրություն դիմած քաղաքացին, որը չցանկացավ իր անունը հրապարակել, պատմեց, որ բոլորն էլ այս պահին նորմալ պայմաններում են ապրում, սակայն ցանկանում են հայրենիք վերադառնալ:
«Կապ ենք պահպանում արտաքին գործերի նախարարության հետ, այստեղի հյուպատոսության հետ, բայց մեզ ասում են, որ անհնարին է արտահերթ թռիչք կազմակերպել, քանի որ դա շատ բարդ պրոցես է»,-ասաց քաղաքացին:
Նրա խոսքով` միակ տարբերակն այն է, որ առաջարկվում է Լոս Անջելես- Ամստերդամ- Մինսկ Մինսկ- Երեւան թռիչքով վերադառնալ Հայաստան, որը վստահելի չէ:
«Քանի որ թռիչքները կապակցված չեն, վստահություն չկա, որ ինչ–որ խնդիր չի առաջանա: Բացի այդ այդքան երկրներով եւ օդանավակայաններով անցնելը եւ սպասելը առողջության համար էլ է վտանգավոր լինելու: Բացի այդ տոմսերն էլ շատ թանկ կարժենան»,- ասաց նա:
Նա նշեց, որ իրենք հասկանում են արտահերթ թռիչքների բարդությունը եւ ՀՀ կառավարությունից խնդրում են ավելի հեշտ թռիչք կազմակերպել:





























