ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է Չինաստանին ԱՄՆ-ի կողմից ֆինանսական պահանջներ ներկայացնելու հնարավորության մասին՝ կապված նոր կորոնավիրուսի տարածման հետ, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Երկուշաբթի օրը մամուլի ասուլիսով հանդես գալով Սպիտակ տանը՝ ամերիկյան առաջնորդը հաստատել է, որ ԱՄՆ վարչակազմը դիտարկում է գործողությունների այդպիսի տարբերակը։ Հայտարարություններն այդ մասին նա արել է այն բանից հետո, երբ լրագրողուհիներից մեկը հարցրել է Թրամփին՝ պատրաստ է արդյոք ԱՄՆ-ը հետեւել Գերմանիայի օրինակին, որն իբր Չինաստանին 130 մլրդ դոլարի հաշիվ է ներկայացրել նոր կորոնավիրուսի բռնկման համար։
«Մենք կարող ենք որեւէ ավելի հեշտ բան անել։ Մենք դրան առավել հեշտ ձեւով հասնելու հնարավորություն ունենք,- ի պատասխան ասել է նախագահը,- Գերմանիան ուսումնասիրում է իրավիճակը, մենք ուսումնասիրում ենք իրավիճակը։ Եւ մենք խոսում ենք շատ ավելի մեծ գումարի մասին, քան Գերմանիան»։ «Մենք դեռեւս չենք որոշել վերջնական գումարը»,- հավելել է Թրամփը։
Նա նաեւ հերթական անգամ հաստատել է, որ Չինաստանը ոչ բավարար արագ է միջոցներ ձեռնարկել նոր կորոնավիրուսի տարածումը կանխելու համար։ «Դրա պատճառով ամբողջ աշխարհն է տառապում»,- կարծում է Թրամփը։
Միաժամանակ, ԳԴՀ-ն որեւէ ֆինանսական պահանջ չի ներկայացրել Չինաստանին։ 149 մլրդ եվրոյի խորհրդանշական հաշիվ ՉԺՀ-ին օրերս ներկայացրել է Bild տաբլոիդը։





























