Կալիֆորնիայի իշխանությունները կխստացնեն վերահսկողությունը կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակող միջոցների նկատմամբ այն բանից հետո, երբ անցած հանգստյան օրերին բազմաթիվ մարդիկ դուրս էին եկել լողափեր, հայտարարել է նահանգապետ Գեվին Նյուսոմը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մենք կօգտվենք ավելի ագրեսիվ իրավունքից` «Մնացեք տանը» ռեժիմի, սոցիալական հեռավորության պահպանման, խորհուրդների եւ ընթացակարգերի կատարմանը հասնելու համար, որոնք կցանկանայինք տեսնել ամբողջ Կալիֆորնիա նահանգում»,- ասել է Նյուսոմը Periscope հարթակի իր ալիքով քաղաքացիներին ուղղված պարբերական ուղերձի ժամանակ:

Նրա խոսքով` այս առումով իրավապահ մարմիններին համապատասխան կարգադրություններ են տրվել: Նա դա այսօրվա դրությամբ առաջնային թեմա է անվանել իր համար: Ըստ նահանգապետի` ԶԼՄ-ներում տարածված մարդկանց կադրերը լողափերում «օրինակն է նրա, թե ինչ պետք չէ տեսնել եւ ինչ պետք է չանել», եթե ցանկություն կա հասնել առաջընթացի վիրուսի զսպման գործում:

«Իրականությունն այն է, որ մենք մի քանի շաբաթով, այլ ոչ թե ամսով ենք հեռու անչափելի եւ կարեւոր փոփոխություններից «Մնացեք տանը» ռեժիմում, սակայն դա որոշվում է տվյալներով եւ պահվածքով: Եվ փոխելով պահվածքը` մենք կարող ենք ազդել առողջության եւ տվյալների վրա»,- հավելել է Նյուսոմը:

Պաշտոնական տվյալներով` Կալիֆորնիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 43 հազար դեպք, մահացել է 1755 մարդ: