Ճապոնիայում բանտարկյալները 100 հազար իենի չափով (ավելի քան 930 դոլար) նպաստ կստանան, որը կառավարությունը որոշել էր հատկացնել երկրի յուրաքանչյուր բնակչին` որպես կորոնավիրուսի տարածման հետ կապված կորուստների փոխհատուցում: Այս մասին Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսին հայտարարել է երկրի արդարադատության նախարար Մասակո Մորին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Որքան ես գիտեմ,- ասել է նա,- բանտարկյալները չեն բացառվի նման նպաստներ ստացողների ցանկից»: Արդարադատության նախարարը հավելել է, որ դրանք կհատկացվեն նույնիսկ մահապատժի դատապարտվածներին:

Ապրիլին Ճապոնիայի կառավարությունը որոշել էր 100 հազարական իեն հատկացնել երկրի յուրաքանչյուր բնակչին` կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակի պատճառով: Ստանալու համար անհրաժեշտ էր դիմում գրել, եւ իշխանությունները ակնկալում են, որ բարձր եկամուտ ունեցող քաղաքացիները կհրաժարվեն այդ նպաստներից: Մասնավորապես, նպաստները մտադիր են չեն ստանալ երկրի վարչապետ Սինդզո Աբեն եւ նրա կառավարության անդամները, ինչպես նաեւ իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության պատգամավորները:

Կորոնավիրուսի տարածման հետ կապված տարբեր սահմանափակումներից կորուստները փոխհատուցելու նպատակով տնտեսության խթանման եւ տնտեսվարողներին օգնելու համար ձեռնարկված միջոցառումների ընդհանուր փաթեթի ծավալը 117 տրիլիոն իենի է (մոտ 1.1 տրիլիոն դոլար) հասնում: Այս գումարը նախադեպը չունի ազգային պատմության մեջ եւ գերազանցում է երկրի ՀՆԱ-ի 20 տոկոսը: