«Գոլոս Արմենիի» թերթը գրում է.  «Արևմտամետները սիրում են ասել, թե ահավասիկ Հայաստանը վերածվում է Ռուսաստանի գաղութի։ Հայաստանը ազատ երկիր է, և յուրաքանչյուր ոք կարող ասել ինչ մտքով անցնի, բայց վերջին իրադարձությունների լույսի ներքո տեղին է խոսել այն մասին, որ, այո՛, Հայաստանը կանգնած է գաղութի վերածվելու վտանգի առջև, բայց ոչ թե Ռուսաստանի, այլ Սորոս ազգանունով մասնավոր անձի:

ԸՆԴ ՈՐՈՒՄ ԳԱՂՈՒԹԻ ԳԵՆԵՐԱԼ-ՆԱՀԱՆԳԱՊԵՏԸ կլինի Հայաստանում Սորոսի հիմնադրամի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը, ինկվիզիցիոն գլխավոր մարմինը՝ Սորոսի հիմնադրամի տնօրենների խորհրդի նախագահ Դավիթ Խաչատրյանի եղբայր Սասուն Խաչատրյանի Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ), իսկ կամավոր հունվեյբինների դերում հանդես կգան «Սասնա ծռեր» կուսակցության անդամները, որի գլխավոր գաղափարախոս Գարեգին Չուգասզյանը նույնպես նախկինում եղել է Սորոսի հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար կազմի անդամ:

Բայց եթե նախկինում հիմնադրամի կողմից Հայաստանի գաղութացման գործընթացն ընթանում էր սահուն-սքողված ռեժիմով, ապա ներկայումս դիմակները հանված են։ Եթե նախկինում հիմնադրամն ու իր արբանյակները գործում էին մեղմորեն, անդրկուլիսային կապերի միջոցով, իսկ հրապարակային դաշտում հանդես էին գալիս «առաջարկություններով», «խորհուրդներով» ու «նախաձեռնություններով», ապա հիմա առճակատ ներկայացնում են իրենց պահանջները կառավարությանը։ Ինչպես հաղորդվել է, Հայաստանում Սորոսի հիմնադրամի ներկայացուցչությունը և հիմնադրամից մշտական ֆինանսավորում ստացող ևս հինգ կազմակերպություններ հանդես են եկել Փաշինյանի քաղաքական թիմին հասցեագրված մեղադրանքներով՝ հայտարարելով, թե հայ հասարակությունը, ինչպես պարզվում է, կանգնած է «ձախողված վեթինգի մարտահրավերի առջև», որ հանրության ակնկալիքները «հեղափոխությունից» չեն արդարացվում, քանի որ իշխանությունը «նահանջում է հեղափոխության գլխավոր պահանջից՝ արդարության և արդարադատության հաստատման օրախնդրից»: Ստորագրյալների կարծիքով՝ իշխանության գլխավոր մեղքն այն է, որ համաձայն առաջիկա դատական բարեփոխման հայեցակարգի՝ բարեվարքության ստուգում նախատեսվում է միայն Սահմանադրական դատարանի դատավորների, դատախազների, քննիչների թեկնածուների համար, իսկ գործողների վրա չի տարածվում:

Հայտարարության մեջ նշվում է, որ «ժողովրդավարական, իրավական, ինքնիշխան և սոցիալական պետության վերականգնման գործողություններում հաջողության հասնելու անհրաժեշտ պայման է ամբողջական և խորքային վեթինգի իրականացումը դատաիրավական համակարգի բոլոր մարմիններում՝ անկախ համակարգային հետադիմական դիմադրությունից»: Այս լույսի ներքո ստորագրյալները «պահանջում են քաղաքական իշխանությունից» անցկացնել դատական համակարգի բոլոր մարմինների ամբողջական եւ համակողմանի ստուգում, վերանայել իրավական բարեփոխումը և անցնել վեթինգի իրականացմանը՝ սկսելով Բարձրագույն դատական խորհրդի անդամներից: Հիշեցնենք, որ պահանջը ստորագրել են «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ը, ինչպես նաև Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» կազմակերպությունը, Իրավունքի պաշտպանության և զարգացման հիմնադրամը, «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը և երկու իրավաբաններ։ Տարօրինակ է, որ չկա Արման Բաբաջանյանի ստորագրությունը, բայց նա հաստատ կմիանա, պարզապես հիմա զբաղված է «հոկտեմբերի 27»-ի գործը վերակենդանացնելու փորձով. հո իզուր չէր մտերմիկ զրույցներ վարում Հունանյանի հետ, պետք է պոկի հնարավոր քաղաքական շահաբաժինները…

ՈՒՐԵՄՆ ԻՆՉՈ՞Վ Է ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԱՅԴՉԱՓ ԶԱՅՐԱՑՐԵԼ ՍՈՐՈՍԱԿԱՆՆԵՐԻՆ, որ նրանք արդեն բացեիբաց հնչեցնում են իրենց պահանջները։ Գլոբալ առումով՝ նրանով, որ իրենց էին համարում «հեղափոխության» գլխավոր շահառուներ, և դրա համար հիմքեր ունեին, իսկ Փաշինյանը բնավ ոչ բոլոր հույսերն արդարացրեց։ Այո, պաշտոններ բաժանեց շռայլորեն, բայց այ Արցախում Սորոսի ճտերը հույս ունեին, թե Փաշինյանը կապահովի նախագահի աթոռը Մասիս Մայիլյանի համար, իսկ խորհրդարանում կգերիշխեն արցախյան նորահայտ «հեղափոխականները»։ Հույսերն ամրապնդվեցին նրանով, որ Մայիլյանին միացավ Սամվել Բաբայանը, ուստիև կարող էին հաջողությամբ պսակվել, եթե չլիներ Վիտալի Բալասանյանը, որը համարվում էր ֆավորիտներից մեկը։ Նա այնքան անընդունելի էր Փաշինյանի համար, որ վերջինիս գլխավոր խնդիրը դարձավ գեներալին երկրորդ փուլ անցնել թույլ չտալը, այլ ոչ թե Մայիլյանի հաղթանակը։ Արդյունքում առաջին փուլից հետո Արայիկ Հարությունյանի առավելությունը Մայիլյանի նկատմամբ այնքան մեծ էր, որ իրավիճակն իրենց օգտին շրջելն անհնար դարձավ, Արցախը կանգուն մնաց։ Այնպես որ Փաշինյանն այնքան էլ մեղավոր չէ, չարժե նրա վրա չափից ավելի բարկանալ…

Բայց բավական չէ, որ Փաշինյանը ձախողեց Արցախում սորոսականների իշխանության գալու ծրագրերը, նա դեռ լկտիություն ունեցավ հեգնելու նրանց՝ ներառելով «արևմտամետներին» «հեղափոխությունից հիասթափվածների» իր դասակարգիչ ցուցակում։ Հաջորդ օրը հայտնվեց վերոնշյալ մեղադրանքը։

Պատկերացնենք, եթե Հայաստանի կառավարության հետ նման տոնով խոսեր Ռուսաստանի հետ կապակցված որևէ հասարակական կառույց։ Դե, օրինակ, նույն Լազարյան ակումբը հանդես գար հայտարարությամբ, որում պաշտոնապես ներկայացներ Հայաստանի կառավարության նկատմամբ իր պահանջները... Դժվար է պատկերացնել, թե ինչ վայնասուն կբարձրանար Հայաստանում…

ՀԻՄԱ ԼՌՈՒԹՅՈՒՆ Է ՏԻՐՈՒՄ։ ԱՄԵՆ ԻՆՉ ԱՅԴՊԵՍ ԷԼ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ։ Լռում են իրավապաշտպանները, լռում են մամուլի ազատության ջատագովներն ու այլք։ Հաշվի առնելով, թե որքան շատ են Սորոսի բնի ձագերը իշխանության բոլոր ճյուղերում, ամենաբարձր պաշտոններում, նրանց կարելի է հասկանալ։ Իսկ Արդարադատության նախարարությունը հանդես եկավ մեկնաբանությամբ, որում ի պատասխան մեղադրանքի՝ փորձել է արդարանալ նրանով, որ «դատական համակարգում առաջարկվող փոփոխությունները հնարավոր են բացառապես սահմանադրական բարեփոխումների շրջանակներում»:

Ի՜նչ աստիճան են ցած գլորվել. Լարիսա Մինասյանն ու հիմնադրամի սնածուները արդար ցասումով օրակարգ են թելադրում Նիկոլ Փաշինյանին։ Իսկ ինչո՞ւ ոչ։ Օգտվելով նախկին իշխանությունների թողտվությունից և ներկաների բացահայտ խրախուսումից՝ հիմնադրամը տարածել է իր շոշափուկները Հայաստանով մեկ. Փաշինյանը իշխանության է եկել իրենց ուսերին նստած, Ռուստամ Բադասյանը արդարադատության նախարարի աթոռին հասել է նույն ճանապարհով։ Եվ հիմա Մինասյանը համարում է, որ իրավունք ունի պահանջել... Ամեն ինչի համար պետք է վճարել, պարոն վարչապետ ։ Իսկ ուրիշ ո՞նց։ Կարծում էիր, թե հե՞շտ է կարթը կտրելը։

Հայաստանին իրոք լյուստրացիա է պետք։ Սորոսի գործակալական ցանցի, հիմնադրամի և ոգով համանման այլ կազմակերպությունների իշխանական ու ընդդիմադիր կառույցներ ներթափանցած գործակալների և ողջ 5-րդ շարասյան լյուստրացիա։ Այդ անձանց բարեվարքության վեթինգ և նման կազմակերպությունների կանոնավոր ֆինանսավորմամբ սնվող մարդկանց պետական պաշտոններ զբաղեցնելու օրենսդրական արգելանք»: