Առնետները, որոնք սովոր էին ռեստորանների աղբով սնվելուն, կարանտինի ընթացքում սննդի փնտրտուքով տարված վազվզում են դատարկ փողոցներով, հայտնում է RG-ն` վկայակոչելով Asahi-ն:
Մասնավորապես, կրծողների մեծ խմբեր են նկատվել Տոկիոյի Կաբուկիտյո ժամանցային թաղամասում, որտեղ բազմաթիվ բարեր, խորտկարան եւ ռեստորաններ կան:
NHK հեռուստաընկերությունը տեսանյութ է ցուցադրել, որում առնետները վազում են ճապոնական խոշոր Կիտակյուսյու քաղաքի գիշերային փողոցներով եւ պատռում են փողոցում դրված աղբի պարկերը:
Ճապոնիայի Առնետների դեմ պայքարի ասոցիացիայում կարծում են, որ փողոցներում կրծողների զանգվածային հայտնվելը զարմանալի չէ. մարդիկ քիչ են, իսկ սննդի աղբյուրների կրճատումը ստիպում է կենդանիներին ավելի համարձակ լինել: Եվ սա ոչ միայն Ճապոնիայի, այլեւ ամբողջ աշխարհի խնդիրն է:




























