Գերմանիայի առեւտրաարդյունաբերական պալատների ասոցիացիան (DIHK) խանութներ, հյուրանոցներ, հետիոտնային գոտիներ այցելելու համար տոմսեր վաճառելու առաջարկությամբ է հանդես եկել` կորոնավիրուսի տարածման շարունակական սպառնալիքի ֆոնին հասարակական վայրերում մարդկանց կուտակումները կանխելու նպատակով, հայտնում է RG-ն` վկայակոչելով DIHK կայքը:
Տոմսերն առաջարկվում է վաճառել սմարթֆոնների հավելվածների միջոցով: «Տոմսային ինտելեկտուալ համակարգը կարող է օգնել հերթերի անհետացմանը խանութների դիմաց` այդպիսով կրճատելով սպասման ժամանակը գնումներ կատարելիս: Այն կաշխատի ճիշտ այնպես, ինչպես թանգարանային տոմսերը, որոնք երաշխավորում են մուտքը որոշակի ժամերին եւ այդպիսով երաշխավորում են, որ թանգարանը լեփ-լեցուն չի լինի»,- պարզաբանել են DIHK կայքում:
Նման համակարգի օգնությամբ DIHK-ը նախատեսում է ոչ միայն սոցիալական հեռավորություն պահպանել, այլեւ ապահովել բիզնեսի շարունակական գործունեությունը:
Հասարակական վայրեր այցելելու համար տոմսեր վաճառելու գաղափարը կարող է ինտեգրվել այժմ մշակվող Corona համաեվրոպական հավելվածի մեջ, որը նախատեսված է մոտակայքում կորոնավիրուսով վարակված պոտենցիալ անձանց առկայության վերաբերյալ նախազգուշացումներ տարածելու համար: Մշակողները շեշտում են, որ հավելվածի դեպքում գաղտնիություն է պահպանվելու:
DIHK-ի կողմից մշակված կորոնավիրուսի դեմ պայքարի թվային մոտեցումների մշակման հայեցակարգն արդեն ուղարկվել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին` հաստատման համար:




























