Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը երկրի Ազգային ժողովին կարանտինից դուրս գալու ռազմավարություն է ներկայացրել։ Ֆրանսիայում սահմանփակման միջոցները պետք է սկսեն հանել մայիսի 11-ից, եթե համաճարակային իրավիճակը դա թույլ տա, հայտնում է RFI-ը։
Էդուար Ֆիլիպը ընդգծել է, որ կարանտինը կարեւոր փուլ էր համաճարակի զսպման եւ հիվանդանոցներն ու վերակենդանացման բաժանմունքները պացիենտների հոսքից պաշտպանելու համար։ Ինքնամեկուսացման ռեժիմը օգնել է մեկ ամսվա ընթացքում փրկել առնվազն 62 000 մարդու, սակայն համընդհանուր մեկուսացումը եւ արտադրությունների դադարեցումը կարող է հանգեցնել տնտեսության համար ցավալի հետեւանքների, եթե շատ երկար տեւի, հայտարարել է վարչապետը։
Էդուար Ֆիլիպը նշել է, որ վիրուսը երկրում անհամաչափ է տարածվել, որոշ դեպարտամենտներ շատ են տուժել, մյուսներում վարակման դեպքեր գրեթե չկան։ Այդ պատճառով կարանտինը տարբեր կերպ կհանեն՝ կախված տվյալ դեպարտամենտում իրավիճակից։
Մայիսի 11-ից Ֆրանսիայում պետք է ամեն շաբաթ անցկացվի 700 000 թեսթ, որոնք ամբողջովին կվճարվեն բժշկական ապահովագրման պետական համակարգի կողմից, հայտարարել է վարչապետը։
Յուրաքանչյուր վարակված անձ ստիպված կլինի անհապաղ մեկուսացվել: Հնարավոր կլինի տանը կարանտին պահել, բայց այս դեպքում ընտանիքի բոլոր անդամները ստիպված կլինեն 14 օր մեկուսացման մեջ մնալ: Հնարավոր կլինի նաեւ այս նպատակների համար առանձնացված հյուրանոցներում ինքնամեկուսացվել:
Ինչ վերաբերում է դիմակներին, վարչապետը խոստացել է, որ մինչեւ մայիսի 11-ը Ֆրանսիայում բավարար քանակի դիմակներ կլինեն՝ հաշվի առնելով սեփական արտադրությունն ու ներմուծումը: Ֆրանսիացիները կկարողանան գնել դրանք վաճառքի տարբեր կետերում: Կառավարությունը ձեռնարկություններին կոչ է անում իրենց աշխատակիցներին դիմակներով ապահովել:
Հասարակական տրանսպորտում դիմակներ կրելը պարտադիր կլինի: Կառավարությունը ֆրանսիացիներին խորհուրդ է տվել հնարավորինս շարունակել հեռակա աշխատել, եւ գործատուներին կոչ է արել հարմարեցնել աշխատակիցների աշխատանքային գրաֆիկները, որպեսզի նրանք պիկ ժամերին մետրոյից եւ ավտոբուսներից չօգտվեն: Մայիսի 11-ից մեկ այլ մարզ կամ շրջան ուղեւորությունները կթույլատրվեն միայն աշխատանքի հարցով կամ ընտանեկան անհետաձգելի հանգամանքների դեպքում:
Մանկապարտեզների եւ տարրական դպրոցների աստիճանական բացումը կսկսվի կամավոր հիմունքներով: Մայիսի 18-ին միջնակարգ դպրոցները բացելու, մայիսի վերջին ավագ դպրոցները բացելու որոշում կկայացվի: Առաջիկայում յուրաքանչյուր դասարանում պետք է լինի ոչ ավելի, քան 15 աշակերտ: Միջին դպրոցի բոլոր աշակերտների համար դիմակ կրելը պարտադիր է:
Բոլոր խանութները կբացվեն մայիսի 11-ից, բայց որոշակի պայմաններով՝ հեռավորության պահպանմամբ եւ սահմանափակ թվով գնորդներով: Ինչ վերաբերում է ռեստորաններին եւ սրճարաններին, ապա որոշումը կկայացվի մայիսի վերջին:
Բոլոր թատրոնները, կինոթատրոնները, մեծ թանգարանները կմնան փակ: Դեռեւս արգելքի տակ կմնան կոլեկտիվ մարզաձեւերն ու փակ տարածքում մարզումները: Երկրպագության վայրերը բաց կլինեն, բայց մեծ թվով մարդկանց մասնակցությամբ արարողություններ առաջարկվում է չանցկացնել առնվազն մինչեւ հունիսի 2-ը: Վարչապետը տարեց մարդկանց կոչ է արել մայիսի 11-ից հետո եւս շարունակել կարանտինի պահպանումը:





























