Մեկ ամսվա ընթացքում կորոնավիրուսի համավարակի տնտեսական հետեւանքների մեղմման շրջանակներում աջակցություն ստանալու հայտերի 60 տոկոսը բավարարվել է, 40 տոկոսը` մերժվել, ինչը հիմնականում պայմանավորված է գործունեության ոլորտի անհամապատասխանությամբ կամ ոչ բավարար վարկային պատմությամբ: Այս մասին ապրիլի 29-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:

Նրա պնդմամբ` չկան կազմակերպություններ, որոնք համապատասխանել են չափանիշներին եւ աջակցություն չեն ստացել «Միջոցառումների առաջին փաթեթով բավարարվել են 284 կազմակերպության դիմումները` ընդհանուր 24.6 միլիարդ դրամի չափով: Միջոցառումների երկրորդ փաթեթով աջակցություն է ստացել 6000 տնտեսվարող սուբյեկտ, նրանցից 5.500-ը դիմել է 1 միլիոն դրամի չափով միկրովարկ ստանալու համար: Միջոցառումների երրորդ փաթեթով բավարարվել է 549 հայտ` ընդհանուր՝ 6.9 միլիարդ դրամի չափով: Միջոցառումների հինգերորդ փաթեթով արդեն 1.9 միլիարդ դրամ է տրվել է: Միջոցառումների առաջին փաթեթով աջակցության 80 տոկոսը, որը հիմնականում ծառայել է հարկերի եւ աշխատավարձերի վճարմանը, բաժին է ընկել Երեւանին, ապա գալիս է Կոտայքի մարզ: Միջոցառումների երկրորդ փաթեթով հատկացված միջոցների 75 տոկոսը կազմում են միկրովարկերը եւ 3-15 միլիոն դրամի չափով վարկերը, տարածված է նաեւ լիզինգային ծրագիրը: Երրորդ փաթեթով հատկացված աջակցության 70 տոկոսը բաժին է ընկնում Երեւանին»,- ասաց նախարարը:

Նա պարզաբանեց, որ այսօր կամ վաղը ուժի մեջ կմտնի շահառուների ցանկ այն կազմակերպությունների ներառման մասին որոշումը, որոնք մինչեւ դեկտեմբերի 31-ը փոքր վարկային կամ հարկային պարտավորություններ են ունեցել:

Խաչատրյանը նաեւ հավելեց, որ քննարկվում է վերամշակող արդյունաբերության համար վարկային միջոցների օգտագործման հնարավորության ընդլայնման հեռանկարը, որը գյուղատնտեսական արտադրանք է գնում` հաշվի առնելով, որ հենց այդպիսի ձեռնարկություններ են գնում երկրում գյուղմթերքի 80 տոկոսը:

«Մասնավորապես, կարող է որոշում կայացվել, որի համաձայն ձեռնարկությունները կարող են առավելագույնը 1.8 միլիարդ դրամի չափով առանց տոկոսադրույքների վարկային միջոցներ ծախսել կոնսերվացված արտադրանքի համար տարայի հետ կապված խնդրի լուծման համար: Բոլոր այն աջակցության միջոցները, որոնք ի սկզբանե միանգամյա էին, դեռ շարունակում են մնալ այդպիսին, բայց ըստ իրավիճակի կարող են կոնկրետ որոշումներ ընդունվել կոնկրոտ ոլորտների մասով»,- եզրափակեց նա: