Սննդի առաքման ծառայությունների վարորդներն ամբողջ աշխարհում կարող են օգտագործվել քրեական կառույցների կողմից՝ թմրանյութեր եւ այլ արգելված ապրանքներ տեղափոխելու համար, ասվում է Լիոնում Ինտերպոլի գլխավոր գրասենյակի հաղորդագրության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Ինտերպոլը իրազեկում է, որ հանցավոր կազմակերպությունները օգտագործում են սննդի առաքման ծառայությունները՝ թմրանյութեր եւ այլ արգելված միջոցներ տեղափոխելու համար, մինչդեռ երկրները փակ են COVID-19 համավարակի պատճառով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Այնտեղ նշվում է, որ Իռլանդիայի, Մալայզիայի, Իսպանիայի եւ Մեծ Բրիտանիայի ոստիկանական ծառայությունները հայտնաբերել են առաքման ծառայությունների աշխատակիցների, որոնք կոկաին, մարիխուանա, կետամին եւ էքստազի են տեղափոխել։

Այսպես, Իսպանիայում կալանավորվել է սննդի առաքիչների հագուստով յոթ մարդ։ Նրանք հեծանիվներով, մոտոցիկլներով եւ ավտոմեքենաներով են եղել, իսկ թմրանյութերի մի մասը թաքցրած է եղել ուսապարկի կրկնակի հատակում։ Իռլանդիայում ութ կիլոգրամ կոկաին եւ երկու ատրճանակ է թաքցված եղել պիցցայի տուփերում։

«Այս ձերբակալությունների, ինչպես նաեւ այլ երկրներում տեղի ունեցած միջադեպերի հիման վրա «Ինտերպոլը» կազմակերպության 194 անդամ-երկրների համար թողարկել է նոր մեթոդի «բոսորագույն ծանուցումներ»: Դրանք տեղեկատվություն են տալիս հանցագործների կողմից օգտագործվող օբյեկտների, սարքերի եւ մեթոդների մասին: Իրավապահ մարմիններին այդ տեղեկատվությունը կարող է հասանելի լինել Ինտերպոլի պաշտպանված շուրջօրյա տեղեկատվական ալիքից»,- նշում են կազմակերպությունում։

Ինտերպոլում ընդգծում են, որ կարանտինային միջոցները հանգեցրել են սննդի առաքումների կտրուկ աճի, իսկ առաքման ծառայությունների աշխատակիցները սովորական երեւույթ են դարձել դատարկված փողոցներում։

Սակայն որոշ ցրիչներ կարող են «ստվերային» օգտագործվել հանցագործների կողմից։ Այսպես, որպես օրինակ, Ինտերպոլը բերում է Մալայզիայից վարորդի դեպքը, որն ինքն է գնացել ոստիկանություն՝ կասկածելով ստացված պատվերի մեջ՝ նրան հանձնարարել են հնդկական լավաշ տանել, սակայն փաթեթի քաշը մոտ 11 կգ է եղել։