Մարալիկի հիվանդանոցի՝ ինքնամեկուսացված աշխատակիցները բողոքում են, որ նրանցից պահանջել են անաշխատունակության թերթիկ ներկայացնել, ինչը ենթադրում է, որ կվճարվեն միայն աշխատավարձի 80 տոկոսի չափով։
«Ասում են՝ մեկուսացվածներն ու հիվանդները պետք է բերեն անաշխատունակության թերթիկ, բայց մենք եղել ենք ինքնամեկուսացված։ Պարզաբանման համար, թե ինչ հիմունքներով պետք է մենք վճարվենք, զանգել ենք տարբեր մարմինների ամբողջ օրը, մեկը մյուսի համարն է տալիս, ոչ ոք տեղյակ չի, թե ինքնամեկուսացածներին ինչ հիմունքներով պետք է վճարեն։ Բայց ելնելով այն հանգամանքից, որ մենք առաջին գծի աշխատող ենք, պետք է 100 տոկոս վճարվենք, հակառակ դեպքում մինիմալ աշխատավարձ ենք ստանում, հիմա էլ դրա միայն 80 տոկոսը, մենք մեր մեղքով չի, որ չենք աշխատել, բուժաշխատող ենք, շփվել ենք հարյուրավոր հիվանդների հետ»,- NEWS.am-ի հետ զրույցում նշեց Մարալիկի բուժաշխատողներից Աննա Այվազյանը։
Աննա Այվազյանը նշեց, որ բացի այդ, իրենց՝ շուրջ 5 տասնյակ բուժաշխատողներին, որ ինքնսմեկուսացման մեջ են գտնվել, առաջարկել են աշխատանքի վերադառնալ միայն երրորդ թեստավորում անցնելուց հետո, ինչին իրենք ամբողջ կոլեկտիվով դեմ են արտահայտվել։
«Մեզ արդեն թեստավորել են երկրորդ անգամ 2 հոգու մոտ է հաստատվել միայն վիրուսը, իսկ մյուսների մոտ՝ ոչ։ Ասում են՝ պետք է մի անգամ էլ թեստավորենք, մենք չգիտենք՝ դրանից հետո երբ կթողնեն աշխատանքի վերադառնալ։ Մենք դեմ ենք, թող օրենք բերեն ցույց տան, որ երրորդ թեստավորում պետք է անցնենք։ Օրենքից դուրս է դա, տարբեր բուժաշխատողների հետ ենք շփվում, որ ինքնամեկուսացման մեջ են եղել, տեղյակ ենք, որ նման բան չկա»,- նշեց նա։




























