Մայիսի 3-ը մամուլի ազատության համաշխարհային օրն է, որի առիթով NEWS.am-ը զրուցել է տարբեր լրագրողների հետ` խնդրելով հետաքրքիր դրվագներ պատմել իրենց լրագրողական կյանքից: Դրանցից մի քանի ուշագրավ պամություններ NEWS.am-ը ներկայացնում է ընթեցողին:
Թե ինչպես մամուլին ազատ թողեցին եւ մամուլը շատ հեռու գնաց

«Լրագիր» ինտերնետային պարբերականի քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը պատմեց իրենց լրագրողական խմբի ոդիսականը, երբ 2001թ (այդ ժամանակ աշխատելիս է եղել «ԱՐ» հեռուստաընկերությունում) լրագրողներով գնացել էին լուսաբանելու վարչապետ Անդրանիկ Մարգարյանի այցը Սյունիք: «Լրագրողական «Գազելում» ոչ ոք չգիտեր Կապան տանող ճանապարհը, ուստի մոլորվեցինք ու հասանք Լաչին: Երբ արդեն մտածում էինք, որ գոնե բեւեռախույզների կհանդիպենք ու չենք կորի, մեկ էլ տեսանք «Ազատ Արցախը ողջունում է ձեզ» ցուցանակը: Հասկացանք, որ հասել ենք Լաչին»,-պատմեց լրագրողը: Հետո մեծ դժվարությամբ գտել են ճանապարհն ու հասել Կապան, իսկ այդ ընթացքում պաշտոնական պատվիրակությունը մտահոգված ոտքի է հանել մարզի ոստիկաններին: «Մեր ճանապարհին չէր պատահել գեթ մի շնչավոր կամ անշունչ նշան, որը կհուշեր, թե ինչ որ տեղ հետաքրքրված են մեր ճակատագրով: Իսկ թե ինչ կապ ունի այս ամենը մամուլի ազատության հետ, ապա ասեմ, որ առակն այն կցուցանե, որ երբ մամուլին ազատ ես թողնում, մամուլը շատ հեռու է գնում: Իսկ երբ մամուլը հեռու գնաց, կամ մամուլն է կորած, կամ մամուլն ազատ թողնողը: Դրա համար էլ երեւի Հայաստանում իշխանությունը չի ուզում մամուլին լիարժեք ազատ թողնել, իհարկե կարծում եմ ոչ այնքան մամուլի, որքան իր կորելու մտավախությամբ»,-պատմեց Հակոբ Բադալյանը:
Ընտրակեղծարարը ժամացույցն էլ հետն էր գցել քվեատուփը, հետո էլ եկել հետ էր պահանջում

«Առավոտ» օրաթերթի լրագրող Մարգարիտ Եսայանն էլ հիշում է, թե ինչպես 2003 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ ականատես եղել քվեատուփի լցոնման մի արտառոց դեպքի:
«Իմ համառ ներկայությունը չկարողացավ խանգարել Արարատի գյուղերից մեկի ընտրատեղամասում լցոնման գործընթացին եւ անքան էին տարված իրենց «գործով», որ լցոնեցին անգամ... ժամացույցը: Մի ժամ, երկու ժամ, գուցե ավելի, մնացի ընտրատեղամասում: Հանձնաժողովի նախագահը գնում-գալիս, ասում է`մեղք ես, հոգնած ես,արի գնանք սուրճ հյուրասիրենք եւ այլն, բայց ես համառորեն կանգնած եմ: Զգալով, որ արդեն անտանելի եմ դառնում, իրենք չեն կարողանում լցոնում իրականացնել, հանձնաժողովի նախագահը եկավ, թե. «Հիմա քեզ ինչ անենք, աչքերդ կապե՞նք, մեկ ա, լցնելու ենք, թող գնա էլի»: Մնացի, բայց ինչ օգուտ, մեկ էլ մի կեղծ աղմուկ սարքեցին, վրա տվեցին երեք խոշոր տղամարդ եւ վազեցին դեպի տուփը, ես փորձեցի տուփը պահել, բայց ինձ հրելով `լցրեցին: Իզուր էին ընդդիմադիր թեկնածուի վստահված անձինք պահանջում, որ արձանագրության կազմվի: Դա էլ չարվեց: Մեկ էլ էդ լցնողներից մեկը եկավ, թե «Ժամացույցս քվեաթերթիկների հետ ընկել է տուփի մեջ, բացեք-հանեմ»: Այդ մարդուն մի կերպ համոզեցին, որ հետո գա ժամացույցի հետեւից»,- պատմում է «Առավոտի» լրագրողը:
Լրագրողը հավատացել է, որ հեռախոսը արագ լիցքավորելու համար պետք է լարը գլխիվայր միացնել, որ հոսանքը արագ մտնի

«Հայկական ժամանակ» օրաթերթի թողարկման պատասխանատու, թղթակից Հայկ Գեւորգյանը մի անգամ իրենց լրագրողներից մեկին խորհուրդ է տվել, թե ինչպես դնեն հեռախոսը լիցքավորման, որպեսզի արագ լինի: Գաղտնիքը կայանում էր «լարը գլխիվայր միացնելու մեջ»:
«Մեր լրագրողներից մեկը վազելով մտավ խմբագրություն, թե հեռախոսս պետք է լիցքավորեմ, ո՞նց անեմ, որ արագ լիցքավորվի, որ հասցնեմ մի հատ ուրիշ ասուլիսի գնամ: Ասացի` լարը կմիացնես, գլխիվայր կդնես, որ հոսանքը ավելի արագ մտնի: Ինքը շատ լուրջ դեմքով նայեց ինձ, այդպես էլ միացրեց հեռախոսը: Դե այն ժամանակ այդպես էր, երբ հանում էիր լիցքավորումից, ցույց էր տալիս, որ ամբողջությամբ լիցքավորված է, բայց որոշ ժամանակ անց նորից նույնն էր ցույց տալիս: Նա երեւի մինչեւ հիմա էլ բոլորին խորհուրդ է տալիս թարս դնել հեռախոսը, որ լիցքավորումը արագ լինի»,- պատմեց Հայկ Գեւորգյանը:
Լրագրողուհուց պահանջել է ցույց տալ «իր բիջը»

NEWS.am-ի լրագրող Հեղինե Մանուկյանը ԱԺ-ում մի անգամ մոտենում է պատգամավորներից մեկին`ինչ-որ բան հարցնելու նպատակով, բայց այդ պատգամավորը կասկածի տակ է դնում նրա լրագրող լինելը եւ հարցնում է`«Իսկ ու՞ր է Ձեր բիջը» (պատգամավորը նկատի ուներ լրագրողական անցագիրը): «Ես տարակուսեցի բնականաբար եւ գլխիկոր հեռացա, քանի որ բիջ չունեի, որ ցույց տայի, ինձ մոտ միայն բեյջն էր: Դրանից հետո պատգամավորներին հարցեր տալուց առաջ անպայման ցույց էի տալիս իմ բեյջը»,- պատմեց լրագրողը:





























