«Ալ-Քադիայի» ղեկավար Ուսամա բեն Լադենի ոչնչացումից հետո Լիբիայի ընդդիմությունն ԱՄՆ-ից ակնկալում է, որ նմանատիպ գործողություն կիրականացվի նաեւ Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի նկատմամբ: Այս մասին հայտարարել է լիբիական ապստամբների զինվորական կառույցների ներկայացուցիչ, գնդապետ Ահմեդ Բանին:
Նա ընդգծել է, որ բեն Լադենը լիբիական ընդդիմության թշնամին էր, թեեւ Քադաֆին հայտարարում էր, որ իր դեմ ապստամբությունը կազմակերպել է «Ալ-Քաիդան»: «Մենք գիտենք, որ Ուսամա բեն Լադենը պատերազմում էր մեր դեմ, նա նաեւ մեր թշնամին էր»,- ասել է Ահմեդ Բանին, հաղորդում է «Վեստին»:
Զանգվածային ցույցերը Լիբիայում սկսվել են փետրվարի կեսերից, որի մասնակիցները պահանջում են 40 տարի երկիրը ղեկավարած Մուամար Քադաֆիի հրաժարականը:
Լիբիայի իշխանությունների դեմ ռազմական գործողությունը ղեկավարում է ՆԱՏՕ-ն: Ապրիլի 26-ին ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարներ Ռոբերտ Գեյթսն ու Լիամ Ֆոքսը հայտարարել են, որ Քադաֆիի բունկերը իրենց ավիահարվածների «օրինական թիրախներից» մեկն է:




























