Ճապոնիան տիեզերական պաշտպանության նոր ստորաբաժանում է բացել՝ մոնիթորինգի եւ երկրի արբանյակների հանդեպ սպառնալիքներին դիմակայության համար, հայտնում է AP-ը։

Տիեզերական գործողությունների ստորաբաժանումը, որը ներառված է Ճապոնիայի Ռազմաօդային ուժերի կազմում, ինչպես ակնկալվում է, կմեծանա մինչեւ 100 մարդ՝ այն բանից հետո, երբ սկսի լիարժեք աշխատել 2023թ․։

Ստորաբաժանման դերը հիմնականում մոնիթորինգն է եւ ճապոնական արբանյակների պաշտպանությունը հակառակորդի գրոհներից կամ տիեզերական աղբից։ Այն նաեւ արբանյակային նավիգացիա եւ կապ կապահովի տեղերում այլ զորքերի համար։

Նոր ստորաբաժանման գործարկումը տեղի է ունենում Ճապոնիայի աճող մտահոգության ֆոնին, թե Չինաստանն ու Ռուսաստանը միջամտության, արբանյակների անջատման կամ ոչնչացման միջոցներ են փնտրում։

Ստորաբաժանումը կհամագործակցի ԱՄՆ տիեզերական հրամանատարության հետ, որն անցյալ տարի ստեղծվել է նախագահ Դոնալդ Թրամփի կողմից, ինչպես նաեւ տիեզերական տարածքի հետազոտության ճապոնական գործակալության հետ, հայտարարել է պաշտպանության նախարար Տարո Կոնոն։

«Կարեւոր է, որպեսզի մենք առավելություն ստանանք նաեւ տիեզերական ոլորտում»,- գործարկման մեկնարկի արարողության ժամանակ ասել է Կոնոն՝ հավելելով․ «Մենք պետք է հնարավորինս շուտ հարմարվենք անվտանգության նոր միջավայրին»։