Տանզանիայի իշխանությունները հանել են միջազգային ուղեւորատար ավիափոխադրումների բոլոր սահմանափակումները, ինչը թույլ է տալիս բազմաթիվ ավիաընկերություններին վերականգնել չվերթները երկրի քաղաքներ։ Այս մասին հայտարարել է հասարակական աշխատանքների, տրանսպորտի եւ հաղորդակցությունների նախարար Այզեկ Կամվելվեն, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Նախարարն ընդգծել է, որ այս որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ անցյալ կիրակի երկրի նախագահ Ջոն Մագուֆուլին նշել էր, որ նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը երկրում նվազում է։

Պետությանը պատկանող Air Tanzania ավիաընկերությունն արդեն աշխարհի տարբեր երկրներ իր չվերթները վերականգնելու հրահանգ է ստեցել։ Տանզանիայի օդային տարածքում միջազգային թռիչքները դադարեցվել էին ապրիլի 12-ին՝ կապված կորոնավիրուսի համավարակի հետ։ Սակայն ապրիլի վերջին իշխանությունները թույլ էին տվել մարդասիրական նպատակներով, ինչպես նաեւ բիզնեսմենների խմբերով ինքնաթիռների չվերթները։

Այսօրվա դրությամբ Տանզանիայում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 509 դեպք, 21 պացիենտ մահացել է, 167-ը՝ ապաքինվել։