Հայաստանում 2010թ. դատապարտվածների թվաքանակը կազմել է 4402 մարդ (228ը` կանայք), նրանցից 176-ը` անչափահասներ (4-ը` աղջիկ): Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Հայաստանի դատական դեպարտամենտից:
Նախորդ տարվա համեմատ դատապարտվածների թիվն էապես աճել է՝ մոտ 23 տոկոսով, սակայն նվազել է կին դատապարտվածների թիվը։ Այսպես՝ 2009 թ. դատապարտված էր 3580 մարդ, որից 353-ը՝ կին։ Անչափահաս դատապարտյալների թիվը էական փոփոխության չի ենթարկվել։
Ինչպեսեւ նախորդ տարի՝ դատապարտվածների մեջ ամենամեծ տեսակարար կշիռ կազմում են սեփականության դեմ հանցագործություն կատարածները՝ մոտ 33 տոկոս։ Երկրորդ տեղում բնակչության առողջության դեմ հանցագործություն կատարածներն են՝ 14,3 տոկոս։ Դրան հետեւում է հասարակական կարգի եւ բարոյականության դեմ հանցագործություն կատարածների խումբը՝ մոտ 10,5 տոկոս։
Մի ստվար զանգված էլ կազմում են կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործները՝ 196 մարդ կամ ընդհանուրի 4,4 տոկոսը։





























