Հրապարակվել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ ուսումնական ձեռնարկը, որը նպատակ ունի դպրոցահասակ հայ երեխային ծանոթացնել հայ ժողովրդի ողբերգական այդ դրվագի հետ, սակայն դա անել այնպես, որ աշակերտի մոտ հոգեկան ցնցումներ չառաջանան։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց Կրթության ազգային ինստիտուտի սփյուռքի հետ կապերի բաժնի պետ Նունե Վարդանյանը: Այն կազմվել է Կրթության ազգային ինստիտուտի եւ գրականագետ Ռուբինա Փիրումյանի կողմից:
«Էլեկտրոնային ձեռնարկի շնորհանդեսը տեղի է ունեցել օրերս, այն ինտերնետում հասանելի է բոլորի համար, այնպես որ ե՛ւ Հայաստանի, ե՛ւ սփյուռքի կրթօջախների ուսուցիչներն ազատորեն կարող են օգտվել դրանից եւ կամավորության սկզբունքով նյութը դասավանդել երեխաներին։ Ձեռնարկը բաղկացած է երկու մասից եւ ունի տարբեր դասարանների աշակերտների համար նախատեսված բաժիներ։
Առավել փոքր տարիքի երեխաների համար, օրինակ, կան հեքիաթներ, մի փոքր մեծերի համար՝ ավելի լուրջ դրվագներ, որտեղ, սակայն, փորձ է արվել զերծ մնալ «ցեղասպանություն» եւ բացասական էմոցիաներ առաջացնող այլ բառերից։ Երեխան պետք է հասկանա, որ կյանքում կորուստներ էլ են լինում, բայց նման դեպքերում չպետք է չարանալ։ Նա պետք է հասկանա, որ անկախ ամեն ինչից ինքը պետք է պահանջատեր մնա։ Այդ է պատճառը, որ ձեռնարկը փորձել ենք հնարավորինս նրբորեն արվի, որպեսզի աշակերտների մոտ զոհի բարդույթ եւ ավելորդ ագրեսիա չառաջանան»,- բացատրեց Նունե Վարդանյանը:
Հարցին, թե ի՞նչ վերաբերմունք ունի ձեռնարկի հանդեպ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը, նա հավաստիացրեց, որ էլեկտրոնային գրքի շնորհանդեսին ներկա գտնվելու ժամանակ վերջինս գոհունակություն է հայտնել եւ ողջունել նախագիծը։ «Հայկ Դեմոյանը շեշտեց, որ սա սպասված եւ անհրաժեշտ նյութ էր»,- ամփոփեց Կրթության ազգային ինստիտուտի ներկայացուցիչը։
Նշենք, որ Հայոց ցեղասպանության վերաբերյալ ուսումնական էլեկտրոնային ձեռնարկի շնորհանդեսը տեղի էր ունեցել ապրիլի 29-ին։
Հիշեցնենք նաեւ, որ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ավելի վաղ պնդել էր, որ դպրոցներում ցեղասպանություն դասավանդելն անհարժեշտություն է:





























