Հայաստանում Պատկերապատման Զարգացման Միությունը Երեւանի Կամերային պետական թատրոնում մայիսի 6-8-ին կազմակերպում է Պատկերապատման միջազգային փառատոն: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց  ՀՀ մշակույթի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Գայանե Դուրգարյանը. «Պատկերապատումը մեզանում նոր տեսակ է, այն նկարազարդում չէ, պատմությունը ներկայացվում է նկարի միջոցով, ոճը լակոնիկ է»,- ասաց  Գայանե Դուրգարյանը:

Նրա խոսքով`տարեցտարի հետաքրքրությունը մեծանում է պատկերապատման նկատմամբ, հատկապես` երիտասարդների շրջանում: Նախագծի շրջանակներում կանցկացվի  ցուցահանդես Երեւանի Կամերային պետական թատրոնում, վարպետության դասընթացներ, մանկական ցուցահանդես` Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում եւ պատկերապատման կավճանկարչություն:

Նշենք, որ արդեն 4 տարի է, ինչ ՀՀ մշակույթի նախարարությունը Անգուլեմի պատկերապատման եւ պատկերի միջազգային կենտրոնի, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության հետ համատեղ հայ-ֆրանսիական մշակութային համագործակցության շրջանակներում իրականացնում է «Պատկերապատման հրավառություն» խորագրով փառատոնը: Փառատոնի շնորհիվ, Գայանե Դուրգարյանի խոսքով. արվեստի նոր ճյուղ է մտել Հայաստան, այն զարգանում է եւ  գտնում իր հետեւորդներին: Ի դեպ, փառատոնին մասնակցելու համար մուտքն ազատ է: