Գյումրիում հասարակական ակտիվն ու արվեստագերները մի քանի օր է`բողոքում են շիրակցի որմնանկարիչ Մինաս Ավետիսյանի կտավները Գյումրիից տեղափոխելու ՀՀ կառավարության որոշման դեմ: Նրանք այսօր` մայիսի 3-ին բողոք-նամակ են հղել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին`վերնագրված «Մինասի որմնանկարները շիրակցու սեփականությունն են», իրականացվել է նաեւ ստորագրահավաք:
Բողոքի մասնակիցներն այն կարծիքին են, որ Մինաս Ավետիսյանն ապրել ու ստեղծագործել է Շիրակի մարզում` նկարելով գործարանների ճաշարանների պատերին: Ուստի` նրա ստեղծագործությունների տեղափոխումն այլ վայր անթույլատրելի է: Ակցիայի մասնակիցները մտադիր են ստեղծել Մինաս Ավետիսյանի նկարների պահպանության շտաբ, պահակախումբ ձեւավորել, որի անդամները բացառապես կանայք են լինելու:
«Մինչ կառավարության այս նախաձեռնությունը Գյումրիի մշակութասերների ակտիվությունը Մինաս Ավետիսյանի որմնանկարների պահպանության առումով ոչ ոք չէր նկատել»,-հայտարարել է Շիրակի մարզպետի խորհրդական Հասմիկ Կիրակոսյանը:
Ըստ նրա` շիրակցու համար կարեւորն այն պետք է լինի, որ փրկվում են Մինասի որմնանկարները, թեկուզ դրանք տեղափոխվում են մայրաքաղաք Երեւան: «Ավելի լավ, Մինաս տեսնողներն ավելի շատ կլինեն»,-հայտարարել է մարզպետի խորհրդականը:




























