Շիրակի մարզպետարանն ուսումնասիրություն է կատարել Աշոցքի շրջանի այն գյուղերում, որտեղ բնակիչներին մատուցվում է որակի չափանիշներին չհամապատասխանող ջուր: Այդ գյուղերից մեկն էլ Սարագյուղ համայնքն է, որտեղ, ըստ գյուղացիների, ծորակից ցեխաջուր է հոսում:

Սարագյուղցիների խոսքով, իրենք  անորակ ջուր են խմում  արդեն 20 տարուց ավելի: Առողջապահության նախարարության Շիրակի մարզային Հակահամաճարակային տեսչության տվյալներով, ջուրը չի համապատասխանում խմելու ջրի համար պահանջվող չափանիշներին: Եվ չնայած այս հանգամանքին`«ՀայՋրմուղը», որի հետ գյուղացիներն անգամ պայմանագրեր չեն կնքել, մատուցած ցածրորակ ջրի դիմաց գումար է բռնագանձել նրանցից:

«Բնակիչները ջուր առաջարկեցին, հրաժարվեցի խմել, քանի որ դա իսկական ցեխաջուր էր: Արոտավայրերից է գալիս, ձնհալի ջուր է»,-NEWS am-ի թղթակցի հետ զրույցում իր կարծիքն է հայտնել  Շիրակի մարզպետարանի ՏԻՄ վարչության մասնագետ Ռուբիկ Հարությունյանը: Ըստ նրա, ջրի մատակարարումն իրականացնող «ՀայՋրմուղը» նման ցածր որակի ծառայության դիմաց իրավունք չունի գումար պահանջել բնակիչներից:  Մարզպետարանից բնակիչներին խորհուրդ են տվել նամակով դիմել Աշոտ Գիզիրյանին, որպեսզի  վերջինս սկսի զբաղվել խնդրով: Ի դեպ` Շիրակի մարզպետը քաջատեղյակ է Աշոցքում ջրի հետ կապված խնդրին եւ արդեն մեկ անգամ խոստացել է զբաղվել խնդրով: