Գյուղատնտեսության նախարարությունը կառավարությանն առաջարկել է հատուկ անուն սահմանել այն բոլոր կաթնամթերքների նկատմամբ, որ անարատ կաթից չեն պատրաստվում: Այդ մասին տեղեկանում ենք կառավարության պաշտոնական կայքէջից:

Գյուղնախարարության ներկայացրած տեղականքի համաձայն` 2010 թվականի վերջին ամիսներից նկատվող անարատ կաթի պահանջարկի ավելացումն ու կաթի մթերման գների բարձրացումը կրում է սեզոնային բնույթ: Կաթի եւ կաթնամթերքի արտադրությունում զգալի քանակությամբ օգտագործվում է անարատ չոր կաթ, չոր յուղազերծ կաթ, կաթնային չոր շիճուկ եւ անարատ չոր սերուցք, որի մասին սպառողը լիարժեք տեղեկատվություն չի ստանում: Չոր կաթի զանգվածային օգտագործմամբ պայմանավորված` նվազում են անարատ կաթի մթերման ծավալներն ու գները:

Կառավարություն ներկայացված որոշման նախագծով` թանձրացրած, խտացրած կամ չոր կաթից (կաթնամթերքից, կաթ պարունակող մթերքից) եւ ջրից ստացված կաթին տրվում է նոր` «կաթնային ըմպելիք» անվանումը եւ դրվում է պահանջ, որ տվյալ արտադրանքը մակնշվի համապատասխան անվանումով:

Գյուղնախարարությունում ակնկալում են, որ այս որոշումը կխթանի անարատ կաթի նկատմամբ պահանջարկը ու կբարձրացնի մթերման գները` նպաստելով անասնաբուծության զարգացմանը, ինչպես նաեւ կապահովի սպառողների շահերի պաշտպանությունը: