ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը երկրորդ օրը շարունակ քննարկում է Լիբիայի իրավիճակը այն բանից հետո, երբ ՆԱՏՕ-ի ավիացիան Տրիպոլիում ոչնչացրել է Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի կրտսեր որդուն, երկու թոռներին, նրա ընկերներին եւ հարեւաններին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: Լիբիայի առաջնորդն ու նրա կինը ՆԱՏՕ-ի հարձակումներից չեն տուժել:

Նախօրեին Լիբիայում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ բանագնաց, Հորդանանի ԱԳՆ նախկին ղեկավար Աբդելիլլա Հաթիբը հայտնել է Անվտանգության խորհրդին, որ Քադաֆիից ուղերձ է ստացել, որում վերջինս կոչ է անում քննարկել ստեղծված իրավիճակը:

«Լիբիայի իշխանություններն ասել են, որ եթե ՆԱՏՊ-ն դադարեցնի հարձակումները, իրենք կարող են քննարկումներ անցկացնել ընտրությունների, ժողովրդավարության եւ սահմանադրական բարեփոխումների մասին»,- հաղորդել է Հաթիբը:

Ընդդիմությունն իր հերթին նախազգուշացրել է, որ կրակի դադարեցումն իմաստ կունենա միայն Քադաֆիի հեռացման դեպքում: