«Հրապարակ»-ի տեղեկություններով, քաղաքական որոշ շրջանակներում սկսել են քննարկել կոալիցիաներ, ալյանսներ ստեղծելու հարցը, քանզի գիտակցում են, որ խորհրդարանի ապագա քարտեզը գծված է, եւ շատ կուսակցություններ ԱԺ-ում հայտնվելու շանսեր գրեթե չունեն: «Իշխանական սխեմային ընդդիմանալու միակ ձեւը խոշոր միավորներ ստեղծելն է եւ հնարավորինս շատ ձայներ տանելը: Հաշվարկը, որ ԱԺ մտնելու են կառավարող կոալիցիայի մեջ մտնող կուսակցությունները, ՀԱԿ-ը եւ ՀՅԴ-ն, մյուսներին ստիպում է գնալ ալյանսների: Ըստ այդմ, նման մի ծրագիր է մշակվում «Ժառանգությունում»: Մեր տեղեկություններով, գաղափարի հեղինակը կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանն է:

Մեր աղբյուրը նշում է, որ ծրագրվող համագործակցության հիմքում ոչ թե կուսակցությունների միավորում ստեղծելն է, այլ հանրությանը հայտնի անհատներին անդամագրելը: Հատկապես շեշտը դրվում է Կոնգրեսից եւ Լեւոն Տեր-Պետրոսյանից  հիասթափված անձանց վրա, ովքեր առայաժմ ոչ մի կուսակցության մեջ չեն եւ քաղաքականապես ակտիվ անձինք են եւ գործունեության դաշտ են փնտրում: Նաւեւ նրանք, ովքեր դեռ չեն հեռացել տարբեր կուսակցություններից, բայց հնարավոր է հեռանան: Խոսքը մասնավորապես Արարար Զուրաբյանի, Խաչատուր Քոքոբելյանի, Մարինե Պետրոսյանի, Կարապետ Ռուբինյանի, Ալիկ Արզումանյանի եւ շատ այլ անձանց մասին է: Ի դեպ, պրն Հակոբյանի քաղաքական ծրագրի բաղկացուցիչ մասերից մեկն էլ այն է, որ նոր ձեւավորվող ընդդիմությունը պետք է խորհրդարանական հանրապետության  գաղափարի շուրջ միավորվի: Եթե համագործակցության նման լայն ֆորմատ ձեւավորվի, եւ  զգացվի այս ուժի զորությունը, հնարավոր է, որ սրան միանան նաեւ կայացած կուսակցությունները»,-տեղեկացնում է թերթը: