«ՀԺ»-ն գրում է. «ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի եւ ոստիկանության Երեւանի վարչության պետ Ներսես Նազարյանի հակամարտությունը ուշագրավ դրսեւորումներ է ստանում` կողմերը քարոզչական պատերազմ են սկսել, ինչն առայժմ արտահայտվում է մեկը մյուսի դեմ տվյալների արտահոսքեր կազմակերպելով: Ավելին, այդ արտահոսքերը կազմակերպվում են ոստիկանական մեթոդներով` իրական դեպքի հիման վրա կառուցված կեղծ տեղեկություններ մատուցելու ձեւով: Սակայն այս պատմության մեջ առավել ուշագրավ է, որ կողմերը եւ հատկապես Ներսես Նազարյանի թեւը փորձում է հնարավորինս մնալ աննկատ, որպեսզի չմեղադրվի Սերժ Սարգսյանի ասածներն անտեսելու մեջ: Դեռեւս մարտին, երբ Սերժ Սարգսյանն այցելել էր ոստիկանություն եւ մասնակել կոլեգիայի նիստին, մեր տեղեկություններով, վերջում` ոստիկանության բարձրագույն ղեկավարության հետ առանձնազրույցի ժամանակ Ներսես Նազարյանին նկատողություն է արել`ասելով, որ չփորձի ոստիկանապետի հետ ավելորդ ինտրիգների մեջ մտնել:
Ոստիկանության ղեկավար կազմը այս դրվագը ընկալել է որպես Նազարյանին հասցեագրված նկատողություն, բայց մյուս կողմից, եթե Նազարյանին հաջողվի Սերժ Սարգսյանին համոզել, որ Ալիկ Սարգսյանն է իր դեմ ինտրիգներ սարքում, ապա նշված զգուշացումը կարող է նաեւ իր դեմ օգտագործվել: Ոստիկանությունում այլեւս կասկած չկա, որ Ալիկ Սարգսյանը եւ Ներսես Նազարյանը միասին երկար չեն աշխատելու` նրանից մեկնումեկն ի վերջո ստիպված է լիենլու լքել ոստիկանական համակարգը: Ոստիկանությունում, սակայն, համոզված են, որ այս հակասությունը հանգուցալուծվելու է աշնանը»:





























