Ժողովրդական կուսակցության նախագահ, «ԱԼՄ» հոլդինգի սեփականատեր Տիգրան Կարապետյանը հերքում է «ԱԼՄ»-ի շենքը վաճառելու մասին մամուլի տեղեկությունը: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Կարապետյանն ասաց, որ ժամանակ առաջ մարդիկ են այցելել, ովքեր հետաքրքրված են եղել շենքը ձեռք բերելու հարցում, սակայն շենքը վաճառելու պայմանավորվածություն ոչ մեկի հետ ձեռք չի բերվել:

«Մենք առայժմ չենք վաճառի շենքը, քանի որ հեռուստատեսային սարքավորումներ կան այդտեղ, բայց այդ`«ԱԼՄ»-ի աշխատակազմի 20 աշխատակիցներ դեռեւս շարունակում են իրենց աշխատանքը»,- հայտարարեց ԺԿ նախագահը: Նա, սակայն, չբացառեց, որ  հետագայում շենքը գուցե վաճառվի: «Դա իմ սեփականությունն է, ես իրավունք ունեմ տնօրինել այն ինչպես ուզում եմ, սակայն առայժմ վաճառքի մասին խոսք չկա»,-նշեց Կարապետյանը:

Նշենք, որ թերթերից մեկն իր այսօրվա` մայիսի 4-ի համարում գրել էր, որ  Ժողովրդական կուսակցության նախագահ, «ԱԼՄ Հոլդինգի» ղեկավար Տիգրան Կարապետյանը վաճառել է «ԱԼՄ»-ի շենքը:  Ըստ թերթի`  նախկին հեռուստաընկերության` այժմ մի քանի հոգուց բաղկացած կոլեկտիվը մոտ օրերս կտեղափոխվի Ժողովրդական կուսակցության տարածքային գրասենյակ, որտեղ գործում է նաեւ «Դուպլեքս» մամուլի ակումբը:

Նկատենք, որ իր եթերների ընթացքոմ  Տիգրան Կարապետյանը բազմիցս ասել է, որ հեռուստաընկերության կայացման համար ծախսել է մոտ 7 մլն դոլար: