Իշխող Հանրապետական կուսակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովն իր ափսոսանքն է հայտնել  Ֆրանսիայի Սենատի` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը մերժելու որոշման համար:

«Որպես ՀՀԿ անդամ եւ քաղաքացի, ես ափսոսում եմ, որ Սենատը մերժեց այդ օրինագիծը: Բայց կգա օրը, երբ բոլոր երկրները, ոչ միայն Եվրամիության, այլեւ ԱՊՀ-ի, աշխարհի, կընդունեն նման օրենքներ` հետեւելով Շվեյցարիայի օրինակին»,- ասաց Շարմազանովը` NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում:

Այնուամենայնիվ, այս հարցում առաջինը պետք է լինեն Եվրամիության անդամ երկրները` հաշվի առնելով այն, որ եվրոպական արժեքները խստորեն դատապարտում են հանցագործությունը մարդկության դեմ, ինչպիսին է ցեղասպանությունը, ասել է Շարմազանովը` հավելելով. «Մենք մեր մասով կգործադրենք բոլոր ջանքերը հաջողության հասնելու համար»:

Նշենք, որ Ֆրանսիայի Սենատը մայիսի 4-ին 196 դեմ եւ 74 կողմ ձայներով մերժեց Թուրքիայում 20-րդ դարասկզբին կատարված Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը:

Նշենք, որ որոշ երկրներում Հայոց Ցեղասպանությունը ժխտելը համարվում է ոճիր, մասնավորապես` պատժի կարող են ենթարկվել Շվեյցարիայի քաղաքացիները: Ներկայումս այս հարցը գտնվում է Եվրամիության անդամ մի շարք երկրների խորհրդարանների օրակարգում: