Գրող փիլիսոփա Բեռնար Անրի-Լեւին վրդովմունք է արտահայտել, որ որոշ սենատորներ «աջակցում են Թուրքիայի Հայոց ցեղասպանության մերժման պետական քաղաքականությանը»։ Այս մասին գրում է Le Figaro-ն վկայակոչելով AFP-ին։ «Ես վրդովված եմ Սենատի օրենսդրական գործունեության հանձնաժողովի նախագահ Ժան Ժակ Իեստի ելույթից, վրդովված եմ սոցիալիստ սենատոր Շառլ Գոթյեի խոսքից»,- ասել է Լեւին։
«Այս ամենի իրական պատճառը Թուրքիայի հետ է կապված: Նախագծի ընդունման պարագայում Թուրքիայի հետ հարաբերությունների վատացման վտանգի մասին միշտ ակնարկվել է, սակայն ես չէի կարծում, որ այստեղ այդ մասին բարձրաձայն կասվի»,- ասել է ֆրանսահայ գրողը։ Նշենք, որ Սենատում ելույթների ժամանակ, որոշ սենատորներ ընդգծել են, որ նախագծի ընդունման պարագայում Ֆրանսիայի եւ Թուրքիայի հարաբերությունները կտուժեն։
Մասնավորապես իշխող կուսակցությունից սենատոր, Միջազգային հարցերի հանձնաժողովի նախագահ Ժոսլեն դը Ռոանը հայտաարել է, որ «եթե Ֆրանսիան ցանկանում է դրական դեր խաղալ Թուրքիայի՝ սեփական անցյալի ճանաչման գործում, նա չպետք է երկխոսության թեժացմանը նպաստի այդ երկրի հետ»։
Լեւիի խոսքով՝ Թուրքիայի մերժողական պետական քաղաքականության սենատորների աջակցման մեջ ցինիզմի երեւույթներ են առկա։
Ինչպես ավելի վաղ հայտնել է NEWS.am-ը, Ֆրանսիայի Սենատը մայիսի 4-ին 196 դեմ եւ 74 կողմ ձայներով չի վավերացրել Հայոց ցեղասպանության մերժումը քրեականացնող օրենքի նախագիծը։
Ֆրանսիայի Սենատում Հայոց ցեղասպանության մերժումը քրեականացնող օրենքի նախագծի քվեարկության ընթացքում դահլիճում ներկա է եղել նաեւ Շվեյցարիայում Հայաստանի դեսպան, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը:





























